Անցում ենք կատարելու նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում 4 վարկային համաձայնագրեր վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ նշեց, որ եթե չի սխալվում, բյուջեի դեֆիցիտը նախատեսվել է 180 մլրդ-ից ավելիի չափով, ինչը նշանակում է, որ եթե չլինեն վարկերը, եթե պարտք չվեցնի պետությունը, այդքան գումարը չի բավարարի պետական կարիքները հոգալու համար:
«Բայց այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, աճի տեմպեր են արձանագրվում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում և կանխատեսվում, ո՞րն է պատճառը ի սկզբանե դեֆիցիտի՝ փողի պակաս արձանագրելու և պարտք վերցնելով այն լրացնելու համար»,-հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարն պատասխանեց, որ ունեցել են 62 միլիարդից ավելի հարկային եկամուտների հնարավորություն, բայց ամբողջ 62 միլիարդը ծրագրավորվել է իրակացնել ծախսերով, հետևաբար, ֆինանսական պահանջը դեֆիցիտի մասով նույնն է մնացել:
«Սեպտեմբեր ամսին մենք մի անգամ վերանայել ենք, թե Ձեր ասած կոնտեքստում արդյոք հնարավոր էր խուսափել վարկեր վերցնելուց: Փորձել ենք գնահատել ամբողջ իրավիճակը և հասկացել, որ, այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն ունենալու ենք, և դրա համար բերել ենք ԱԺ»,- ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց շատ կարճ՝ ասելով՝ լավ չի:
Փոխնախարարն էլ հակադարձեց, որ այդքան էլ վատ չէ:
«Եթե ընդհանուր կոնտեքստում նայենք՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին արագ է իջնում, քան մեր սպասումներն էին: Պարտքը լավ է, երբ իրեն ճիշտ ես կառավարում և իրենից ստանում ես արդյունք, որը քեզ հնարավորություն է տալիս իրեն սպասարկել, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում մենք բյուջետային աջակցության վարկերից հրաժարվելու ենք, սա վերջին բյուջետային աջակցության վարկն է, անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը, երբ վարկային միջոցները կներգրավենք կոնկրետ նպատակներին և կոնկրետ արդյունքներ ձևավորելուն»,-նշեց Հայրապետյանը: