Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները կարգադրել են թույլ չտալ, որպեսզի ուսուցչուհիները և տարրական դասարանների աշակերտուհիները մտնեն դպրոց։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Hasht e Subh թերթը՝ հղում կատարելով Քաբուլում դասավանդող մի քանի կանանց հայտարարությանը։
Նրանց խոսքով՝ մայրաքաղաքի մի քանի դպրոցների ղեկավարությունը չորեքշաբթի առավոտյան աշխատակցուհիներին նախազգուշացրել է, որ աշխատանքի չգան՝ թալիբների կարգադրության հետ կապված։ Բացի այդ, Քաբուլում որոշ աշակերտուհիների ծնողները պարբերականին տեղեկացրել են, որ իրենց աղջիկներին չեն թողել մտնել դպրոց «Թալիբանի» զինված գրոհայինները։ Hasht e Subh-ի հավաստիացմամբ՝ թալիբներն արգելում են դպրոց հաճախել նաև տարրական դասարանների աշակերտուհիներին, որոնց մինչ այդ թույլատրվել էր հաճախել դասերի։
Զինված արմատականները չորեքշաբթի առավոտյան հայտնվել են Քաբուլի համալսարանի դռների մոտ. թերթի տվյալներով՝ նրանք հետևել են, որպեսզի ուսանողուհիներին թույլ չտան մտնել ուսումնական հաստատություն։
Երեքշաբթի Ariana News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ թալիբները կարգադրել են դադարեցնել դասերն ուսանողուհիների համար՝ մինչև հաջորդ կարգադրություն։ Դեկտեմբերի 1-ին Աֆղանստանի կրթության նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ կրթությունը կանանց համար օտարերկրյա մշակույթի տարր է, որը երկիր են բերել էմիր Ամանուլան (Աֆղանստանում կառավարել է 1919-1929թթ.) և փադիշահ Մուհամեդ Զահիր-շահը (կառավարել է 1933-1973թթ.)։