Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հեռանկարները

Հրապարակող՝

964195

Ամենադիտվածներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտին:

Զրույցի ընթացքում Սմիթը, մասնավորապես, արծարծել է արհեստական ինտելեկտն ի շահ հասարակության օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատմել է գլոբալ մակարդակով թվային տեխնոլոգիաների զարգացման բանագավառում գոյություն ունեցող խզման հաղթահարման մի քանի ուղիների մասին: Վատիկան այցի ընթացքում Սմիթին ուղեկցել է Կյանքի պապական ակադեմիայի նախագահ Վինչենցո Պալյան:

Հյուրերը Ֆրանցիսկոս պապին հայտնել են, որ Microsoft-ը ակադեմիայի հետ միասին մտադիր են միջազգային հատուկ մրցանակ հիմնել արհեստական ինտելեկտի Էթիկայի բնագավառում։ Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում է գյուտերի համար պատենտային հայտերի աճը և այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները: Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնևում հրապարակված զեկույցի համաձայն, «այդ աճը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»:

«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր և 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել է, որ հայտնագործությունների կեսից ավելիի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում է «պատենտավորման սրընթաց աճի» մասին: ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում է համակարգչային տեսողությունը, որը ներառում է պատկերների ճանաչման տեխնոլոգիան և շատ կարևոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել է մինչև 8764:

Էական աճ է դիտվում նաև հեռահաղորդակցություններում, բժշկության և հաշվողական տեխնիկայի բնագավառում: Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) և Microsoft-ը (5223): Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը և LG Corporations-ը) և երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը և Bosch-ը):

ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից և պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում է Չինաստանին (20-ից 17-ը): Ցուցակի մնացած երեք հորիզոնականներն զբաղեցնում են Կորեայի Հանրապետության բուհերը և կազմակերպությունները: Բացի այս երկու երկրներից, աշխարհում չկա ոչ մի համալսարան կամ հետազոտական պետական կազմակերպություն, որը 500-ից ավելի հայտնագործության պատենտ ունենա ԱԻ-ի ոլորտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ