Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել գնչուներից վերջիններիս նկատմամբ վատ վերաբերմունքի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, այդ քայլը կարող է ուժգնացնել լարվածությունը Իտալիայի Ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հետ հարաբերություններում, որը հայտնի է իմիգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր կոշտ դիրքորոշմամբ:
Ֆրանցիսկոս Առաջինն արել է այդ հայտարարությունը գնչուների հետ հանդիպման ժամանակ, որը Ռումինիա կատարած իր եռօրյա այցի վերջին միջոցառումներ էր:
Նա հայտարարել է, որ այդ հանդիպումն «իր վրա ծանր հետք է թողել»:
«Ես լավ չեմ զգում խտրականության, սեգրեգացիայի եւ վատ վերաբերմունքի պատճառով, որին ենթարկվել է ձեր համայնքը: Պատմությունը հուշում է, որ քրիստոնյաներին, այդ թվում՝ կաթոլիկներին, եւս ծանոթ է այդ չարիքը»,-ասել է նա:
Գործակալության հաղորդմամբ, վերջին տվյալներով՝ աշխարհում գնչուների թիվը կազմում է 10-12 մլն մարդ, որոնցից շուրջ 6 միլիոնը բնակվում է ԵՄ տարածքում: Գնչուները Եվրոպայի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են եւ, փաստորեն, դառնում են սոցիալական օտարման եւ նախապաշարմունքների զոհերը:
Նշվում է, որ Իտալիայի ՆԳ նախարարը զայրացել էր՝ տեղեկանալով, որ մեկ ամիս առաջ Հռոմի Պապն ընդունել էր Վատիկանում գնչուներին: