fbpx
Հասարակություն

HSBC-ն 100,000 ամն դոլար կհատկացնի ՔՈԱՖ-ի H.O.P.E նախագծին

ԵՐԵՎԱՆ — «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) կողմից 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման մասին՝ H.O.P.E (Հույս) ծրագրի նպատակային աջակցության համար: Շարունակվող հումանիտար ճգնաժամին զուգահեռ ստեղծված այս նախաձեռնությունը նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:

HSBC Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ՔՈԱՖ-ի վստահելի գործընկերն է։ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակները համընկնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առաքելությանը, այն է՝ տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ՝ գյուղական համայնքներում կրթության որակը բարելավելու և մասնագիտական զարգացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով։ 2012 թվականից ի վեր, Բանկն աջակցում է ՔՈԱՖ-ի տարբեր նախագծերին, այդ թվում՝ կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրին։

H.O.P.E (Հույս) նախագծին աջակցելով, HSBC Հայաստանը ուղղակիորեն նպաստում է Արցախից բռնի տեղահանված անձանց կրթական և մասնագիտական ռեսուրսների հասանալեիության ապահովմանը, ինչպես նաև բնակարանների հրատապ խնդրի լուծմանը:

H.O.P.E. նախագիծը միտված է ճգնաժամային իրավիճակում համապարփակ աջակցություն տրամադրելուն և ընդգրկում է չորս առանցքային ուղղություն՝ բնակարանային կարիքներ (Housing), կրթական հնարավորություններ (Opportunities in Education), հոգեսոցիալական աջակցություն (Psychological and Health Support) ու հմտությունների զարգացում (Empowerment through Capacity Building)։

Սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ ՔՈԱՖ-ն առաջարկում է ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնակարանային լուծումներ Արցախից տեղահանված անձանց համար: Նախագծի հաջորդ՝ կրթական բաղադրիչի շրջանակում, ՔՈԱՖ-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերում ակտիվորեն ներգրավում է արցախահայ երեխաների: Բացի այդ, նախագիծը ներառում է կրթաթոշակի և կարիերայի զարգացման ծրագրեր, որոնք երիտասարդների համար հասանելի կդարձնեն բարձրագույն կրթությունն ու մասնագիտական հնարավորությունները։

H.O.P.E. ծրագրի կարևորագույն ուղղություններից է բռնի տեղահանված անձանց առողջության և բարեկեցության ամրապնդումը: ՔՈԱՖ-ը զգալիորեն ընդլայնում է իր մասնագետների թիմը Լոռու և Արմավիրի մարզերի Երեխայի և ընտանիքի կենտրոններում՝ Արցախից տեղահանված անձանց հոգեբանական, լոգոպեդական ու սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Նախագիծը երաշխավորում է, որ Լոռու Դսեղ գյուղի տարածաշրջանային առողջության կենտրոնում երեխաներն ու մեծահասակներն ունենան անվճար ատամնաբուժական խնամք և առաջնային խնամքի ծառայություններ: Զուգահեռաբար, ՔՈԱՖ-ը ձևավորում է մասնագետների շարժական թիմեր՝ նրանց աշխատանքն անհրաժեշտ վայրերում ապահովելու նպատակով։ Թիմում ներառված են ՔՈԱՖ Ստեփանակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի մասնագետները։

Կարևորելով մասնագիտական զարգացումը՝ ՔՈԱՖ-ի հանձնառությունը ընդգրկում է նաև Լոռու և Արմավիրի մարզերում հաստատված արցախահայ մանկավարժների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այս ջանքերը կարևոր են ուսուցիչների և դասավանդողների համար աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից:

«H.O.P.E. նախագիծն իրականացնելիս ՔՈԱՖ-ը հենվում է Հայաստանի գյուղական համայնքներում շուրջ քսանամյա փորձի և 2020 թվականի պատերազմի հետևանքները վերացնելու մեր ծավալուն ջանքերի վրա: Մենք այդ փորձն ուղղում ենք կրթության, առողջապահության, հոգեբանական ծառայությունների և տնտեսական զարգացման ոլորտներում՝ համապարփակ և կայուն կերպով բավարարելու տեղահանված անձանց բազմակողմանի կարիքները»,- ասում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

«Հումանիտար ճգնաժամի դեմ պայքարն ու Արցախից բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելը առանձնահատուկ նշանակություն ուներ մեզ համար։ ՔՈԱՖ-ի հետ ջանքերը միավորելու մեր որոշումը պայմանավորված էր երկար տարիների համագործակցության արդյունքում ձևավորված փոխվստահությամբ, ինչպես նաև H.O.P.E. ծրագրի նպատակներով՝ տեղահանվածներին որակյալ կացարանների տրամադրում, կրթության հնարավորությունների ստեղծում, հոգեսոցիալական աջակցություն ու հմտությունների զարգացում: Ծրագիրը, համահունչ լինելով համայնքների բարօրության ստեղծման մեր հանձնառությանը, կնպաստի մեր հայրենակիցների երկարաժամկետ բարեկեցությանն ու հայաստանյան կյանքում բարեհաջող ինտեգրմանը», – ասում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC-ի կողմից 100,000 ԱՄՆ դոլար ներդրումը ևս մեկ անգամ ընդգծում է առկա դժվարությունները համատեղ ջանքերով հաղթահարելու կարևորությունը: Ավելին իմանալու և H.O.P.E. նախագծին աջակցելու համար անցեք հղումով.. coaf.org/project-hope-for-artsakh-people/.

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

ՄԵԴԻԱ ԿՈՆՏԱԿՏ

Նանա Մարդոյան
ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար
Էլ․ հասցե՝ [email protected]
Բջջ․՝ +374 55 003 723

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ