fbpx
Առողջապահություն
10:00 28/07/2019

Հուլիսի 28-ը Հեպատիտի համաշխարհային օրն է

Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է հեպատիտ Բ-ով և Ց-ով, և 80%-ի համար ախտորոշումը և բուժումը հասանելի չէ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծել է, որ վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից է: Վերջին տարիներին հեպատիտների կանխարգելման և վերահսկման առումով բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես` ստեղծվել է տվյալների ազգային բազա, հավաքագրվում է վիճակագրություն, 1999 թվականից կատարվում են պարտադիր պատվաստումներ հեպատիտ Բ-ի նկատմամբ, հիվանդությունը վաղ հայտնաբերելու նպատակով իրականացվում են սկրինինգային հետազոտություններ, հատկապես` ռիսկային խմբերում, մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որով նախատեսվում է 2020 թվականից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով շուրջ 1000 պացիենտի դեղերով ապահովում: Ծրագրի հիմնական նպատակն է մեր երկրում 2030-ին վիրուսային հեպատիտի քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով հիվանդացության և մահացության նվազեցումը` որպես հանրային առողջության սպառնալիք, գլոբալ նպատակին հասնելը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է, որ դիտվում է սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%-ով, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում դրանց արդյունավետության:

Անդրադառնալով բուժման գործընթացին` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայկական լյարդաբանական ֆորում» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշել է, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ