ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը Անանյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման որոշումը:
«Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,-ասաց Անանյանը:
Նրա խոսքով՝ ինքն անցած տարի 2 մլն էր ստանում, այս տարի՝ 1.5 մլն։
«Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր աշխատակից գնահատվում է, ու բոլոր պարգևավճարներն ամեն ամիս հաշվարկում եմ ես իմ համակարգչով՝ գնահատման համակարգերի հիման վրա։ Դրա արդյունքում կարող է լինել աշխատող, որ ստանա բարձր, կարող է լինել աշխատակից, որ ստանա ցածր»,-նշեց Անանյանը:
Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը 750 աշխատակից ունի, որոնցից համեմատաբար բարձր են վարձատրվում վարչությունների պետերը։ Տեսուչները ստանում են 150 հազար դրամ։
Հարցին՝ այդ գումարը բավարա՞ր է՝ կոռուպցիան կանխելու համար, Անանյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ։ Դրա համար մենք աշխատում ենք այնպես անել, որ այդ տեսուչն ամեն ամիս պարգևավճար ստանա, որն իրականում ոչ թե պարգևավճար է, այլ իր աշխատանքի իրական գնահատականը։ Դա մոտավորապես 50-75 տոկոսն է իր աշխատավարձի»։