Գտնում եմ, որ պետք է խրախուսել ու փայփայել երիտասարդ սերնդի նախաձեռնողականությունը, հանրային կյանքում ակտիվորեն ներգրավվելու, հանրային մտքին թարմություն հաղորդելու նրանց մղումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
«Իրոք, հասարակական-քաղաքական իրադարձությունների հորձանուտում, ամենօրյա անհետաձգելի հարցերի լուծման գործում խրված լինելով՝ երբեմն չենք նկատում, թե ինչպես են կարծրանում մեր մոտեցումներն այս կամ այն հարցին, և որ ժամանակ չի մնում խնդիրները տարբեր տեսանկյուններից դիտարկելու, նոր ու հնարամիտ լուծումներ գտնելու համար, և, ինչ թաքցնենք, երբեմն դժվար է լինում արդեն իսկ փորձարկված-կարծրացած լուծումների «հարմարավետ» միջավայրից դուրս գալը։ Ու հենց այստեղ է, որ նոր կրթական միջավայրում մեծացած ու համաշխարհային զարգացումներին, նոր տեխնոլոգիաներին շահագրգիռ հետևող երիտասարդների գաղափարներն ու առաջարկներն ուղղակի օդի պես անհրաժեշտ են լինում։ Պարզապես պետք է զգալ ու հասկանալ դրա անհրաժեշտությունը։
Կուզեի նախաձեռնության հեղինակներին ու նրանց սերնդակիցներին վստահեցնել, որ իմ պատկերացրած Նոր Արցախում երիտասարդությունն իսկապես շարժիչ ուժ է լինելու, որ նրանց համար ստեղծվելու են ինքնարտահայտման ու ինքնադրսևորման անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ոչ թե գլուխկախ, ինչպես տեսանյութում է ասվում, այլ բացճակատ ու ինքնավստահ մասնակցեն Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկմանը, ընդունմանը և իրականցմանը։ Ընդհանրապես, կրթօջախներում և հանրային ոլորտներում պետք է խրախուսվի ոչ թե «ականջթեթևությունը», այլ մտածելու ունակությունն ու նախաձեռնելու ջիղը, սեփական տեսակետը հիմնավորելու և պաշտպանելու կարողությունը։ Ինքս փորձում եմ իմ ղեկավարած գերատեսչությունում ասպարեզ բացել երիտասարդ ու շնորհալի երիտասարդների համար, տալ նրանց ինքնադրսևորվելու և ինքնահաստատվելու հնարավորություն, լսել նրանց ու աջակցել նոր գաղափարների առաջխաղացմանը։ Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ բարենպաստ մթնոլորտ պիտի ստեղծվի բոլոր ոլորտներում ու ողջ երկրում։
Դա շատ կարևոր է, քանի որ նոր Արցախը, ամեն ինչից զատ, մտավոր երկիր է լինելու»,-նշել է նա։