fbpx
Խորհրդարան

«Իմ քայլը» չմասնակցեց «կամազգեյթսը» ուսումնասիրելու հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու նախագծի քվեարկությանը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու որոշման նախագիծը չընդունվեց 39 կողմ և 2 դեմ ձայնով:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ բոլոր այն լիազորությունները, որոնք ուզում են, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար:

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար, և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- նշել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ երեկ՝ հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

2019թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին հայտնել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը հունվարի 21-ին խորհրդարանում ներկայացրեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«2019թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես, օրինակ, շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն: Այդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես, անդամների թիվը սահմանվել է 11, իսկ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով»,- ասաց Սամսոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ