ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Վահե Հովհաննիսյանն ու Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել են նախագիծ, որով առաջարկում են չբարձրացնել 500 000 դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանցից գանձվող սոցիալական վճարի չափը:
Գործող օրենքով 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը 500 000 դրամն է, որը հուլիսի 1-ից դառնում է 1 020 000 դրամ:
«500 000 դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միևնույն ժամանակ այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 000 դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 դրամի համար սահմանված վճարի չափով»,-գրված է նախագծի հիմնավորման բաժնում:
Նախագծով առաջարկվում է 2020 թ. հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել:
Ըստ պատգամավորների՝ եթե նախագիծը մերժվի, ապա մոտ 25 000 աշխատող 700 միլիոն դրամ հավելյալ վճարում պետք է կատարի, ինչը նշանակում է, որ այդքան գումար դուրս է գալու առևտրաշրջանառությունից:
«Արդյունքում՝ տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 միլիարդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 միլիարդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից և հարկերի նվազումից՝ առավել ևս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին»,-նշված է հիմնավորման մեջ:

