Տոյոտայի գործադիր տնօրեն Կոջի Սատոն մատակարարների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ ընկերությունը գտնվում է գոյատևման պայքարի մեջ։ Նա ընդգծել է, որ առանց արմատական փոփոխությունների ավտոհսկան կարող է կորցնել իր դիրքերը համաշխարհային շուկայում։ Իրավիճակը պայմանավորված է արտադրական հաճախակի կանգառներով և պատվերների սպասման երկար ժամկետներով, որոնք հիմնականում առաջանում են որակի չափազանց խիստ և երբեմն անարդյունավետ ստանդարտների պատճառով։
Այս համատեքստում Տոյոտան ներդնում է «Smart Standard Activity» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել ծախսերը՝ թուլացնելով այնպիսի որակական պահանջներ, որոնք չեն ազդում հաճախորդի փորձի վրա, բայց բարձրացնում են արտադրության արժեքը։ Ընկերության ֆինանսական տնօրեն և ապագա գործադիր տնօրեն Կենտա Կոնը հաստատել է, որ իր առաջնահերթությունը լինելու է ծախսերի կրճատումը և ընկերության ծախսածածկման կետի իջեցումը։ Այս փոփոխությունները տեղի են ունենում չինական ավտոարտադրողների կողմից աճող մրցակցության պայմաններում, որոնք ավելի արագ և ճկուն են արձագանքում շուկայի պահանջներին։

