fbpx
Խորհրդարան

«Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է գրավոր առաջարկներ

ՀՀ ազգային ժողովի մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկներ, որոնք կառավարությունը քննարկելու է ոչ թե իր ծրագրի, այլ գործողությունների պլանի շրջանակում: Խմբակցությունն անվերապահ աջակցում է կառավարության ծրագրի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կառավարության ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության տարբեր մասնագիտական տիրույթներում: Եվ այդ ընթացքում վերհանվել են տարբեր կողմերը` այդ թվում այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, թե մենք որպես օրենսդիր ինչ պետք է անենք և ինչպես պետք է լրացնենք դա: Եվ այդ առումով մեր անելիքը բավականին շատ է: Առաջարկներն այն մասին են, թե մենք ինչ ավել բան կարող ենք անել»,- ասաց Մակունցն ու շեշտեց` այդ ծրագրերը կառավարությունը քննարկելու է ոչ թե կառավարության ծրագրի, այլ իր գործողությունների պլանի շրջանակում:

Նա նշեց` գրավոր առաջարկները դեռ չեն ներկայացրել կառավարությանը, սակայն կարծում է` այսօր մինչ օրվա վերջ ինքը կներկայացնի:

Մակունցը նշեց` կառավարության ծրագրի նախագիծը բավականին լայն ու ճկուն է: Դրանում ընդհանուր տեսլական ու մոտեցումներ են: «Եվ եթե մենք գտնում ենք, որ ճանապարհային քարտեզը ձևավորելիս ավելի գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, ապա մենք ներկայացնելու ենք առաջարկ»,-ասաց Մակունցը:

Նա շեշտեց` իրենց խմբակցությունն անվերապահ աջակցում է կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին:

ՀՀ ազգային ժողովի փետրվարի 14-ի նիստում շարունակում է քննարկել կառավարության ծրագրի նախագիծը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ