Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայկական կողմը «Գազպրոմին» ամեն տարի շուրջ 32 միլիոն դոլար պետք է տրամադրի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար։ Սա հանգեցնելու է նաև գազի գնի թանկացմանը։ Իսկ նման պարտավորությունը գալիս է այն բանից, որ ժամանակին Հայաստանը չի վերադարձրել «Գազպրոմի»՝ տվյալ էներգաբլոկում կատարված ներդրումները ու նաև ունի վարկային պարտավորություններ։
Azat TV-ի այս թեմայով հարց է ուղղել Էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993թթ․), էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանին, թե ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Հարցադրմանն ի պատասխան Արզումանյանը նշել է, որ մեղավորները ՀՀ 30 տարի առաջվա ղեկավարներն են, որոնք էներգետիկայից քիչ հասկանալով ձգտում էին սեփական օգուտները բավարարել։ Արզումանյանը նշում է, որ ինքը դեմ է եղել 300մվտ հզորությամբ ջերմային բլոկի կառուցման գաղափարին, քանի որ էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համար պետք էր Հայաստանը վառելիքով ապահովելու ուղիներ գտնել, այլ ոչ թե ջերմային նոր բլոկներ կառուցել։ Նրա խոսքով՝ ավելի ուշ ընդունվեց «ցնորված սխալ»՝ կառուցել ոչ թե 300մվտ, այլ 450մվտ հզորությամբ բլոկ, բայց դրա անհրաժեշտությունը չկար։
«Հրազդան 5 ջերմային էներգաբլոկի համար մեր պետական պայմանագրով նախատեսված՝ կատարված ներդրումների հատուցումը մոտ 300 մլն դոլարի չափով փակելու համար հիմի մենք պետք է ամեն տարի մոտ 31 մլն դոլար մտցնենք Գազպրոմ Արմենիային պատկանող այդ էներգաբլոկի ամենամյա ծախսերի մեջ, որը կբերի էլեկտրաէներգիայի 2022թ․ սակագնի թանկացմանը մոտ 2 դրամի չափով:
Ասում էք՝ ո՞վ է մեղավոր․․․ Մեղավորները դեռ 30 տարի առաջ են եղել, որոնք առաջարկեցին Հրազդանում կառուցել 300մվտ հզորության ջերմային բլոկ: Ես այն ժամանակ էլ դեմ էի դրան՝ մեր ղեկավարներին հասկացնելով, որ ստեղծված էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համար պետք է գտնել ուղիներ՝ Հայաստանը վառելիքով ապահովելու համար, այլ ոչ թե նոր ջերմային բլոկներ կառուցել, որոնց համար չկա վառելիք: Բայց ասողին լսող է պետք և ցավոք այն ժամանակվա ղեկավարների մեջ էլ կային այնպիսինները, որոնք, էներգետիկայից շատ թիչ հասկանալով, ձգտում էին նոր օբյեկտներ կառուցել՝ իրենց օգուտները բավարարելու համար: Եվ այդ բլոկի կառուցումը սկսվեց, բայց շատ դանդաղ, մինչև 2000 թվականների սկիզբը, երբ այն պարտքի տակ անցավ «ՀայՌուսգազարդին»: Սրանք էլ նույնպես չպատկերացնելով էներգետիկայի իրական վիճակը, ցնորված սխալ որոշում ընդունեցին 300մվտ հզորության փոխարեն կառուցել 450մվտ հզորության ջերմային բլոկ: Իսկ դրա համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը՝ մոտ 300մլն դոլար, պայմանագրով դրեցին Հայաստանի Կառավարության վրա: Այդ թեզը մտցվեց և 2013թ․ արդեն «Գազպրոմի» 100 տոկոս սեփականություն դարձած «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդան 5 բլոկի համար մեր պարտքերի մեջ:
Ինչու՞ էր այդ որոշումը ցնորված սխալ․․․ Որովհետև Հայաստանի էներգահամակարգին այդ բլոկը նույնիսկ 300մվտ-ով այնքան էլ անհրաժեշտ չէր․ մեր սեփական սպառումը մենք առանց այդ էլ կբավարարեինք, ուր մնաց լրացուցիչ 450մվտ: Դա նախատեսվում էր այն ժամանակից արդեն սկիզբ առած սխալ երազանքի՝ Հյուսիս-Հարավ միջանցքի համար, չունենալով ոչ մի հավաստի տեղեկություն դրա հիմնավորված լինելու՝ ապագայի նկատմամբ:
Մենք միայն Իրանին ենք էլեկտրաէներգիա մատակարարում՝ այն էլ միայն ժամանակավորապես՝ մինչև 2026թ․, երբ Իրանում՝ Բուշերում կգործարկվեն ռուսական 2 հատ 1200մվտ ատոմային բլոկները, որից հետո համաձայն միջկառավարական պայմանագրի՝ Իրանը, բնականաբար, այլևս մեզանից էլեկտրաէներգիա չի վերցնի: Վրաստանը մեզանից արդեն երրորդ տարին է էներգիա չի վերցնում՝ դրա մոտ 40 տոկոս թանկ լինելու պատճառով:
Եվ այսպես, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ նոր կառուցվող 400կվ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը 1-2 տարի անց շարք մտնելուց հետո թեկուզ մեկ դրամ օգուտ կտա Հայաստանին։ Դրա դիմաց նույնպես պարտք է գոյացել՝ մտել է սակագնի ավելացման մեջ, չխոսելով դեռ միայն նախագծման փուլում գտնվող Հայաստան-Վրաստան 400/500կվ գծային համակարգի մասին, որի անհրաժեշտությունը բոլորովին չկա՝ սպառող չլինելու պատճառով:
Այսպիսով, մեղավորները մեր էներգահամակարգը այն ժամանակ և այժմ ղեկավարողներն են և, իհարկե, նրանց վերադասները:
Հիմա հարց․ ինչո՞ւ այդ, այսպես կոչված, պարտքը փակելը սկսվում է հենց այս տարվանից․․․ Դա 2013թ․ պայմանագրի մե՞ջ է գրված, թե՞ Հրազդան 5-ի 2021թ․ սպառող չլինելու մեկ տարի կանգառի պատճառով․․․ Միգուցե՞ թողնել հաջորդ տարիներին․․․ Եթե այդ պարտքի փակումը հետաձգվի, ապա կմնա միայն մեր ՀԱԷԿ-ի աշխատաժամանակի երկարացման կապակցությամբ ծախսերը վերադարձնելու հարցը։ Սա առանձին խոսակցության առարկա կլինի և միգուցե Ռուսաստանի հետ կարելի կլինի ինչ-որ մի համաձայնության գալ։ Դա առանձին խոսակցության առարկա է:
Այսպիսով, դեկտեմբերի 23-ից քննարկվող էլեկտրաէներգիայի 2022թ․ սակագնի 4,7 դրամ թանկացման հարցը, եթե նա այդպիսի մեծ թվերի ու պրոբլեմների հետ էր կապված, պետք էր վաղօրոք սկսել՝ ներգրավելով, իհարկե, և փորձագետների և պատկան մարմինների՝ չթողնելով միայն ՀԾԿՀ մեկ վարչության վրա: Սակագնի 4,7 դրամ թանկացումը կարելի է նվազեցնել 2-3 դրամ», – նշել է Արզումանյանը: