fbpx
Էկո

Ինչու՞ եղավ ջրհեղեղը. Էկոլոգ

Էկոլոգ, Անտառագետ, Իջեւանի ծառայգու համահիմնադիր Մեխակ Սայադյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ինչու՞ եղավ ջրհեղեղը

Ծանոթներիցս շատերն են հարցնում դիվերսիայի մասին, իսկ ֆ/բ֊ում արդեն երևում են մտահոգություններ, տեղին անհանգստություններ և իհարկե շահարկումներ՝ թե հավանական է, որ ջրհեղեղը “կազմակերպված” է, նամանավանդ, որ մարդիկ չեն հասկացել բաժակից ջրի տարածումը սեղանի վրա՝ հայտնի տեսանյութի իմաստը…

1991 թվականից սկսվեց անտառներից օգտվելու գործընթացը, որը տաքանալու համար վառելափայտ օգտագործելուց վերափոխվեց եկամտաբեր բիզնեսի։

Դրանով սկզբից սկսեցին զբաղվել անհատ ճարպիկներ, այնուհետև այս “բիզնեսով” սկսեցին զբաղվել փողատեր և ամուր մեջք ունեցող մարդիկ.(ըռխավորներ, ինչպես քոլեցիներն ասում են մեջքը պնդերին)։
<<Ըռխավոր՝ այսինքն ռեխը մեծ և ամուր, ում արգելք չկա ոչ մի բանում>>։

Ի՞նչ եղավ, ինչպե՞ս դա տեղի ունեցավ, կաշխատեմ շատ կարճ բացատրել։
-Որպեսզի խոշոր անտառ վերացնողներն անարգել հատեն, փրթեն անտառները՝ թույլ տրվեց անտառից “օգտվել” նաև հասարակ մարդկանց, տասնյակ հազարավոր երիտասարդ մարդկանց, ովքեր դառնալով փայտագող՝ մնացին նաև անգրագետ, շատերը դարձան հաշմանդամ, մեծ թվով զոհեր եղան, մնալով գերանի տակ, բարձած մեքենաներով ձորը գլորվելով, բենզասղոցից վնասվելով, և այլն։
Պաշտոնավորներն իրար էին նայում սիրառատ հայացքներով, կարծես ասելով, թալանու՞մ ենք ընկերներ, թալանենք, իմը չի, քոնը չի, պետությանն է…

Անտառտնտեսություններից օպերատիվ կերպով հեռացվեցին մասնագետները, տնօրեններ և անտառապետեր էին (և են) նշանակվում կիսագրագետ, անտառի, բնության և գյուղատնտեսության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ։

Գործընթացին լծվեցին համարյա բոլոր ոլորտները, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին անտառի, նրա պահպանության, խախտումների, գողությունների արձանագրման և պատժի կիրառման հետ…

Մեր խղճուկ անտառային տարածքները հիմնականում տարածվում են 30° և ավելի թեքությունների վրա։
Իսկ այս թեքություններում ցանկացած տեսակի հատումներն ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ։
ՀՀ անտառներն ունեն բացարձակապես ռեկրեացիոն(հանգստի և հողապաշտպան) նշանակություն։ Բոլորը չեմ նշում։
Հիմա էլ, հենց այս պահին էլ հատկացվում են հատատեղեր, ինչը բերում է նման ջրհեղեղների։
Անտառի ծառերը, թփերը, կենդանական աշխարհը, ջրերը, միկրոֆլորան և միկրոֆաունան մեկ ամբողջություն են, և թեկուզ մեկ բաղադրիչ մասի(կոմպոնենտ) քայքայման, ավերման, ոչնչացման դեպքում վրա են հասնում հողերի լվացում, քամահարում, և այլն, մի խոսքով էռոզիա…

Այն, ինչը հիմա տեղի է ունենում՝ բնության նկատմամբ մարդկանց անփույթ, բռի և անհարգալից վերաբերմունքի հետևանքն է։ Դիվերսիան հենց սա է։
Իջևանի և Ալավերդու տուժածների մեջ քիչ չեն նաև անտառը վերացնողները։
Փորձեմ ոչ մասնագիտական բառերով բացատրել անտառի ոչնչացման հետևանքների ծագումը։
Անտառի ամեն մի ծառը և թուփը իր մեջ պարունակում է որոշակի քանակի ջուր, սկսած արմատներից, բնից (ցողունից), վերջացրած տերևներով։
Ավելի շատ ջուր պարունակում են արմատները։ Հասուն ծառերն իրենց մեջ պարունակում են մի քանի(մինչև 10֊15) տոննա ջուր։
Յուրաքանչյուր բույս, լինի ծառ կամ թուփ, հանդիսանում է յուրօրինակ պոմպ (насос), որը խորքային և մակերևույթային արմատներով քաշում է ջուրը հողից, վերցնում մակերևույթային շերտերից, կատարում շրջանառություն, գոլորշիացնում և նորից վերադարձնում ազատ բնություն, այսինքն, մեր անտառները կատարում են ջրի պահպանման, շրջանառության, և բնության ամենամեծ հրաշքի՝ ֆոտոսինթեզի երևույթի ֆունկցիան, որի ժամանակ արտադրվում է գոյության համար անհրաժեշտ տարրը՝ թթվածինը։
Արձանագրենք, որ հատվել են միլիոնավոր ծառեր, այսինքն ոչնչացվել են միլիոնավոր պոմպեր, և կանոնավոր շրջանառությունից դուրս է մնացել միլիարդավոր տոննաներով ջուր։ Պարզ է, որ բնությունն իր հասանելիք ջուրը պիտի բերեր և ցիկլոնի տեսքով թափեր այնտեղ, որտեղից “վտարվել” էր։

Եվ քանի որ հատվել և դեռ հատվում են անտառները, նման ջրհեղեղները լինելու են շարունակական, և վերջապես բերելու են աղետի֊Մաշկազերծված Երկրի տեսքով։
Իսկ թե ինչու՞ այսքան ուժգին և ջրառատ եղավ, հետևանք էր հորդառատ անձրևներով սարերի ձյան միանգամից հալման պատճառով։
Նման դեպք եղել է նաև 2003 թ գարնանը։
Այդ ժամանակ Աղստև գետը դուրս եկավ ափերից և ողողեց գետափնյա փողոցը, ավերեց Իջևանի դենդրոպարկի մի մասը…

Մարդկային ագահությանը չափ ու սահման չկա։ Գետերի վրա կառուցվում են տարբեր չափերի ամբարտակներ, որտեղ հավաքվող ջրերը օրերից մի օր պոկում են դրանք և մեծ թափով ավերում ամեն ինչ իրենց ճանապարհին։

Բազմիցս եմ ասել, և հիմա էլ եմ ասում.
Իջևանի Սպիտակ լիճ կոչվող տղմոտ ճահճի (գյոլի) ամբարտակը հարկավոր է քանդել, ջրին ազատություն տալ, ձկան ճանապարհը բացել։ Վերջը մի օր դա աղետի է բերելու և ավերելու Իջևանը։

Մի դիտարկում էլ անեմ, ու այսօրվա համար բավական է, երկար ստացվեց.
Որտեղ որ գետերը թողնված են ազատ, գետի ափին շինարարական աշխատանքներ չեն կատարվում, պատեր չեն դրվում իբր ամրացնելու և էսթետիկ տեսք ստանալու համար, այնտեղ գետը իրեն դրսևորում է հանգիստ։
Բայց քանի որ մարդը ի բնե ագահ և անպատասխանատու էակ է, աշխատում է մոտենալ գետերին ու լճերին և կառուցել հենց ափին մոտիկ, սկզբից հենապատով, այնուհետև շենք շինություններով։
Տեսանյութը, որը հանրայնացնում եմ, Իջևանի դենդրոպարկի ոռոգման ջրհավաքն է վարարման օրը, որը ներկա պահին ավերվել է։ Այն Իջևանի գինու գործարանի տերերի և պատկան մարմինների անպատասխանատու գործողությունների արդյունքն է։
Ջրերի հանդարտումից հետո կտեղադրենք լուսանկարներ, տեսանյութեր և մեկնաբանություններ։
Առողջ եղեք և բնությունը հարգեք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ