Կամ ի՞նչն է, որ երկարեցնում է քաղաքական դաշտի այն պատուհասների կյանքը, ովքեր որպես «սրբեր» հարկ են համարում ամեն անգամ խոսել Հայաստանի Հանրապետությանը մատուցած իրենց ծառայությունների մասին։
Նոյեմբերի 13-ին գրեթե բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տները և ձերբակալել նրանց։ Նույն լրատվամիջոցները հարկ համարեցին նաև նշել, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը վարում են «Իմնեմնիմի» փոդքասթը, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Առանձին լրատվամիջոցներ նշեցին նաև, որ Վազգեն Սաղաթելյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է։
Շուտով պարզ դարձավ նաև, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Իմենիմնի» փոդքասթում իր հասցեին այդ անձանց կողմից հնչեցրած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների կապակցությամբ։
Անկախ այն հանգամանքից, որ ձերբակալությունները տեղի են ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կողմից խուլիգանություն կատարելու կամ վիրավորանքներ ու սպառնալիքներ ներկայացնելու հիմքով, քաղաքական լրատվությունն ու հանրային կարծիքը լրատվամիջոցների, փաստաբանների և շահագրգիռ որոշակի անձանց կողմից հակվեց դեպքը ներկայացնել քաղաքական լույսի ներքո։ Եւ դա սպասելի էր։ Ուստի, պատահական չէր, որ լրատվամիջոցները շտապեցին հենց սկզբից նշել Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կապը ՀՀԿ-ի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։
Տեղի ունեցած զարգացումներում կարևոր է դիտարկել քաղաքական բաղադրիչը։ Որքան էլ գործող վարչախումբը փորձի ներկայացնել, թե այս ձերբակալությունները կապ չունեն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ, դա կեղծիք է։ Այդ ձերբակալություններն ուղղակիորեն քաղաքական բեռնվածություն ունեն եւ դա ապացուցվում է ձերբակալության այն ձևով, որը նկարահանվել ու տարածվել է լրատվամիջոցներով։ Նշենք միայն, որ քաղաքական բեռնվածությունը երբեք չի բացառում անձնական քինախնդրության առկայությունը, որն այս դեպքում, բնականաբար, առկա է։
Ներկա վարչախմբին պետք է անընդհատ հիշեցնել, որ վիրավորանքի, զրպարտանքի, խուլիգանության համար ԱԱԾ-ի կողմից ցուցադրաբար մարդկանց թևերը ոլորելը և կռացրած տանելը, այն դեպքում, երբ այդ անձիք չեն դիմադրում և պատրաստ են իրենց ոտքով քայլել իրավապահների ուղեկցությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական «շոու»։ Բնականաբար նման ձևով ձերբակալությունները միտված են հանրության լայն զանգվածների վրա տպավորություն գործելու համար։
Այստեղ հարկ է մատնանշել, թե որն է նման կերպ կատարվող ձերբակալությունների նպատակը։ Իսկ նպատակը, ինչպես նշվեց սկզբում, լրատվամիջոցների և շահագրգիռ մարդկանց կողմից տեղի ունեցածի կապակցությամբ այնպիսի գնահատականներով հանդես գալն է, որը տրամաբանական կթվա բոլորի համար։ Այսօր տեղի ունեցած ձերբակալությունների դեպքում միանշանակ է, որ բոլորը հենց սկզբից հակվեցին տեղի ունեցածը կապել «Իմնեմնիմի» փոդքասթին օրեր առաջ հյուր եղած Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի անվան հետ։
Այստեղ գալիս է քաղաքական հիմնական հենց այն շահառությունը, որը տեղի ունեցած զարգացումների մեջ միշտ մնում է աննկատ։ Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն իրենց հարցազրույցներով արդեն իսկ իրենց վրա էին բևեռել հանրային ուշադրությունը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին տալով քաղաքական դաշտում լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի հերթն էր՝ նախաձեռնությունը վերցնելու և «նախկինների» թեման հանրային օրակարգ կրկին մտցնելու համար։ Եւ դա նրա մոտ իհարկե անթերի ստցվեց։
Հայաստանի քաղաքական կյանքը վերածվել է մի խաղի, որտեղ երկու թիմեր, իրար «պասեր» տալով ու հարձակման համար տեղ բացելով, գրավում են միմյանց դարպասները։ Հանդիսատեսը գոհ է, քանի որ երկուստեք գոլեր են խփվում եւ «շոուն» էլ լավ բեմադրված է։ Սակայն այն, որ պետությունը ոչ մի քայլ առաջ չի ընթանում այդ ամենից, դա քչերին է հետաքրքում։
«Նախկիններ-ներկաններ», «սևեր-սպիտակներ», «կոռումպացվածներ-կապիտուլյանտներ» ու նման կարգի թեմաները պետք է վաղուց ավարտված լինեին։ Չէ որ գիտակից հանրությունը վաղուց գիտի՝ այդ թիմերը միմյանց մասին ինչ ասում են, բոլորը ճշմարտություն է։ Պարզապես հայ հանրությունը չի կարողանում իր համար բեմադրվող «շոուի» հերթական արարները արհամարհել ու չընկնել երկու թիմերի սարքած ծուղակը։ Հենց դա է, որ երկարեցնում է քաղաքական դաշտի այն պատուհասների կյանքը, ովքեր որպես «սրբեր» հարկ են համարում ամեն անգամ խոսել Հայաստանի Հանրապետությանը մատուցած իրենց ծառայությունների մասին։

