The Wall Street Journal պարբերականի հրապարակած նոր հետաքննությունը բացահայտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետի պաշտոնավարման ընթացքում գործող հսկայածավալ ֆինանսական մեքենայի ներքին մանրամասները։ Այս գործընթացը ղեկավարում է Ֆլորիդայից հայտնի փորձառու ֆանդրեյզեր Մերեդիթ Օ’Ռուրքը, ում Թրամփը, ըստ տեղեկությունների, անվանում է «խավարի արքայադուստր»՝ դոնորների հետ աշխատանքում նրա բացառիկ արդյունավետության պատճառով։ Հետաքննության համաձայն՝ այս գործողությունների շնորհիվ արդեն հավաքագրվել է ավելի քան 800 միլիոն դոլար։
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Թրամփն անձամբ է ներգրավված հանգանակությունների գործընթացում։ Նա գրեթե ամեն գիշեր զանգահարում է Օ’Ռուրքին՝ պարզելու, թե որ ընկերություններն ու դոնորներն են չեկեր ստորագրել և որքան գումար են փոխանցել։ Նախագահը հաճախ հանձնարարում է նրան ներկայացնել շատ ավելի մեծ ֆինանսական պահանջներ՝ որոշ դոնորներից ուզելով 5 միլիոն, իսկ մյուսներից՝ մինչև 50 միլիոն դոլար։ Օ’Ռուրքը, ով Թրամփի թիմում է դեռևս 2016 թվականից, երբեմն հեռախոսազրույցների ժամանակ դոնորներին ուղղակիորեն ասում է՝ «շեֆն ուզում է այս գումարը»։
Հանգանակված միջոցներն ուղղվում են ոչ միայն քաղաքական նպատակներին, այլև Թրամփի անձնական և հեռանկարային նախագծերին, ինչպիսիք են Սպիտակ տան հանդիսությունների սրահի կառուցումը կամ նրա ապագա նախագահական գրադարանը։ Խոշորագույն տեխնոլոգիական հսկաները հսկայական գումարներ են փոխանցել այս նախագծերի համար։ Apple ընկերությունը նվիրաբերել է շուրջ 25 միլիոն դոլար, Microsoft-ը՝ մոտ 10 միլիոն դոլար, իսկ Amazon-ը՝ 5 միլիոն դոլար։ Նավթային հսկա Chevron-ը նույնպես միլիոնավոր դոլարներ է փոխանցել, թեև չի վճարել այն 50 միլիոն դոլարը, որն իրենից պահանջել էին։
Ֆինանսավորման դիմաց դոնորներին առաջարկվում է բացառիկ հասանելիություն նախագահին։ Սպիտակ տանը, ինչպես նաև Վիրջինիայի և Ֆլորիդայի Թրամփի սեփականություն հանդիսացող տարածքներում կազմակերպվում են մեկ անձի համար 1 միլիոն դոլար արժողությամբ ընթրիքներ։ Այս միջոցառումներին մասնակցել են այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և Pfizer-ի ղեկավարը։ Ըստ աղբյուրների՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Օ’Ռուրքը ցանկացել է դադարեցնել ակտիվ հանգանակությունները, սակայն Թրամփը հրահանգել է շարունակել աշխատանքը՝ նշելով․ «Դարբնիր երկաթը, քանի դեռ տաք է»։

