ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություն չունեն, ինչը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նա նշել է, որ նման իրավիճակներ եղել են նաև նախկինում, օրինակ՝ 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելի և Իրանի միջև լարվածություն էր։ Այդ ժամանակ մենք կարողացանք կապ հաստատել մեր հայրենակիցների հետ, ովքեր անցնում էին սահմանը։ Այժմ, սակայն, տեղեկատվական դադարը մեզ ստիպում է մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք։
Իրանում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք սկսվել են ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով, հանգեցրել են բազմաթիվ զոհերի։ Human Rights Activists in Iran-ի տվյալներով, վերջին 15 օրերի ընթացքում զոհվել է առնվազն 544 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ Իրանի իշխանությունները դաժանաբար ճնշում են բողոքի ակցիաները, ինչը ևս ավելացնում է անհանգստությունը։ Սինանյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում այն քաղաքներում, որտեղ շատ հայեր կան, և որ կապի բացակայությունը խոչընդոտում է իրավիճակի գնահատմանը:
Նկատենք, որ Իրանը մեր հարեւան երկիրն է, որի հետ կապը ռազմավարական նշանակություն ունի։ 35 տարի է Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, բայց ՀՀ կառավարությունը դեռևս չունի մեխանիզմներ, որով կկարողանար գոնե իր հարևան երկրի հայ համայնքի հետ ամենօրյա կապն ապահովել։ Պետական կառավարման ղեկին երբ հայտնվում են մանկամիտներ, նրանց մնում է միայն վատթար իրավիճակը բացատրել՝ իրենցից չկախված հանգամանքների վրա մեղքը բարդելով։

