fbpx
ՏՏ

Դավիթ Սահակյանը ընդունել է Իրանի՝ տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի պատվիրակությանը

Հունիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասի գլխավորած պատվիրակությանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Նախարարի տեղակալը ողջունել է իրանական պատվիրակության անդամներին և ներկայացրել Նախարարության գործունեության հիմնական նպատակն ու ուղղությունները, որոնք միտված են Հայաստանում գիտահեն արդյունաբերության և տնտեսության զարգացմանը։ Դավիթ Սահակյանը մասնավորապես մանրամասնել է էկոհամակարգի, ստարտափների, տեխնոկրթության զարգացմանն ուղղված ծրագրերն ու գործունեությունը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է Իրանի հետ խորացնելու համագործակցությունը կապի, հեռահաղորդակցության, թվային, նանո, ֆինանսական և բիոտեխնոլոգիաների ոլորտներում։

Մեհդի Էլիասին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Իրանի գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները՝ նշելով, որ նորագույն տեխնոլոգիաների զարգացման գծով բազմաթիվ ընկերություններ են աշխատում Իրանում և այնտեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում Էկոհամակարգերի և ստարտափների զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել աշխատանքային հանդիպում և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ նախանշել գործակցության ընդլայնման ուղղությունները։

Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությունը Երևանում մասնակցում է հունիսի 28-ից հուլիսի 1-ն անցկացվող «Պրոմ Էքսպո» և «Այ Փի Էմ» ընկերությունների և Իրանի «ԻԼԻԱ Հայթեք» հոլդինգի համատեղ Հայ-Իրանական գործարար համաժողովին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ