Օգոստոսի 1-ից ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, նորից դիմել է ագրեսիվ գործողությունների։ Փաստորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանական կողմն իր այս կամ այն անհիմն պահանջները բավարարելու համար անընդհատ դիմում է ուժի կիրառման, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Բաքվի իրականացրած սադրանքները Բերձորում և Արցախի այլ բնակավայրերում։
«Հրադադարի հաստատումից հետո հրադադարի խախտման ավելի քան 100 դեպք է արձանագրվել։ Սա էլ որերորդ դեպքն է, երբ տարբեր պահանջներ ներկայացնելով՝ ադրբեջանական կողմը դա զուգորդում է տարբեր բնակավայրերի ուղղությամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելով։ Ռուսական խաղաղապահ առաքելության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջնային խնդիրը պետք է լինի Ադրբեջանին պարտադրել պահպանել հրադադարը։ Նաև պետք է անդրադառնանք նման պայմաններում խաղաղապահ զորակազմի գործիքակազմի ընդլայնմանը, պետք է հստակեցվի խաղաղապահների մանդատը՝ սահմանելով հրադադարի ռեժիմի խախտմանն հակազդելու հստակ մեխանիզմներ»,- շեշտեց Արցախի օմբուդսմենը։
Ստեփանյանը մանրամասնեց, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման պայմաններում առհասարակ իրականացնում է փաստերի հավաքագրման և դրանք տարբեր կառույցներին ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ։ Այս իմաստով, վերջին օրերին Արցախի ՄԻՊ-ը հավաքագրել է հրադադարի խախտման հետևանքների վերաբերյալ փաստեր, որոնք առաջիկայում առանձին փաստաթղթի տեսքով հրապարակելու և ուղարկելու է մի շարք հասցեատերերի։ Բացի այդ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ադրբեջանական կողմը անընդհատ փորձում է եռակողմ հայտարարության դրույթներին իր մեկնաբանությունները տալ, որոնք շատ հաճախ մանիպուլատիվ ու խեղաթյուրված մեկնաբանություններ են՝ միտված միակողմանիորեն սպասարկելու իրենց շահերը։
«Հայտարարության որևէ դրույթ չի սահմանափակում Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը և չի էլ կարող սահմանափակել։ Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով բոլոր ժողովուրդներին վերապահված ինքնապաշտպանության իրավունքը։ Ադրբեջանական վերջին ագրեսիան ինքնին ցույց տվեց, որ պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը անքննելի է։ Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից, որն էլ իրականացվում է պաշտպանության բանակի միջոցով»,-եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։