fbpx
Աշխարհ

Իսրայելի իշխանությունները առգրավել են Associated Press-ի սարքավորումները

Իսրայելի իշխանությունները երկրի հարավում երեքշաբթի առգրավել են Associated Press-ին պատկանող տեսախցիկներն ու հեռարձակման սարքավորումները՝ լրատվական գործակալությանը մեղադրելով լրատվամիջոցների մասին նոր օրենքը խախտելու մեջ՝ Al Jazeera հեռուստաընկերությանը պատկերներ տրամադրելու համար:

Կատարի արբանյակային ալիքի հազարավոր բաժանորդներ ուղիղ հեռարձակումներ են ստանում Associated Press-ից և այլ լրատվական գործակալություններից: Associated Press-ը դատապարտել է Իսրայելի այդ քայլը:

«Associated Press-ը խստորեն դատապարտում է Իսրայելի կառավարության գործողությունները Գազայի մասին մեր երկարաժամկետ ուղիղ հեռարձակումը դադարեցնելու և AP սարքավորումների առգրավելու համար», – հայտարարել է լրատվական գործակալության կորպորատիվ հաղորդակցության գծով փոխնախագահ Լորեն Իսթոնը:

«Հեռարձակման դադարեցումը ոչ թե ալիքի բովանդակության, այլ Իսրայելի կառավարության կողմից երկրի օտարերկրյա հեռարձակման մասին նոր օրենքի չարաշահման համար էր: Իսրայելական իշխանություններին կոչ ենք անում վերադարձնել մեր սարքավորումները և մեզ թույլ տալ անհապաղ վերսկսելու ուղիղ հեռարձակումը, որպեսզի կարողանանք շարունակել այս կարևոր տեսողական լրագրությունը ամբողջ աշխարհում հազարավոր լրատվամիջոցների հասցնելու համար», – հավելել է Իսթոնը:

Իսրայելի կապի նախարարության ներկայացուցիչները երեքշաբթի կեսօրին հարավային Սդերոտ քաղաքում այցելել են Associated Press-ի գրասենյակներ և առգրավել սարքավորումները՝ Associated Press-ին հանձնելով կապի նախարար Շլոմո Քարհիի ստորագրած մի թուղթ և հայտարարել, թե գործակալությունը խախտում է օտարերկրյա հեռարձակողների մասին Իսրայելի օրենքը:

Միջադեպից առաջ Associated Press-ն հեռարձակում էր Գազայի հյուսիսային հատվածի ընդհանուր տեսարանը։ Associated Press-ը պահպանում է Իսրայելի զինվորական գրաքննության կանոնները, որոնք արգելում են հեռարձակել մասնավորապես զորքերի տեղաշարժերի վերաբերյալ մանրամասներ, որոնք կարող են վտանգել զինվորների կյանքը:

Գործակալությունը նշում է, որ ուղիղ եթերում սովորաբար երևում է Գազայի հատվածի վրա բարձրացող ծուխը: Սարքավորումների առգրավմանը հաջորդել է հինգշաբթի ուղիղ հեռարձակումը դադարեցնելու բանավոր հրամանին, ինչը գործակալությունը հրաժարվել է կատարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ