fbpx
Աշխարհ

Իսրայելը հայտարարում է՝ սպանվել է Հեզբոլայի առաջնորդ

Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ մեկ օր առաջ Բեյրութում մի շարք հարվածների արդյունքում սպանել է «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլաին, որը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Իսրայելի բանակի արաբ խոսնակ Ավիչայ Ադրեյը ասել է, որ սպանվել են Նասրալլան, «Հեզբոլա»-ի հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքին և այս խմբավորման մի շարք այլ հրամանատարներ։

«Ուղերձը պարզ է. մենք կհասնենք բոլորին, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին հյուսիսում, հարավում և ավելի հեռավոր ճակատներում», – նշել է նա:

Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հաղորդագրություն է տեղադրել X-ում, որտեղ ասվում է, որ «Հասան Նասրալան այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը»:

«Հեզբոլա»-ի պաշտոնյաները դեռ չեն հաստատել Նասրալլայի մահը։ Սակայն «Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրը սեպտեմբերի 28-ին ասել է, որ Նասրալլայի հետ անցյալ երեկոյից կապը կորել է:

«Սայեդ Հասան Նասրալլայի հետ կապը կորել է ուրբաթ երեկոյան», – AFP-ին ասել է անանուն աղբյուրը՝ չհաստատելով, թե արդյոք նա սպանվել է։

Այսօր ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, թե հարվածների արդյունքում զոհվել է Նասրալլայի դուստրը՝ Զեյնաբ Նասրալլան։ «Հեզբոլա»-ն այս տեղեկությունը ևս չի հաստատել:

Իսրայելը նախօրեից զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութին: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, հարվածներն ուղղված էին «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ