Աշխարհ

Իտալիայում էվթանազիան օրինականացվել է

Մարդուն կյանքից հեռանալուն օգնելը հանցագործություն չէ, եթե նա «անասելի տառապանքներ» է կրում, սահմանել է Իտալիայի Սահմանադրական դատարանը՝ օրինականացնելով էվթանազիան բացառիկ դեպքերի համար, տեղեկացնում է BBC-ն։

Դատարանը վճիռը կայացրել է Ֆաբիանո Անտոնիանիի՝ դիջեյ Fabo-ի սկանդալային մահվան հետ կապված, որը ենթարկվել է էվթանազիայի 2017 թվականին շվեյցարական կլինիկայում։ Դրանից երեք տարի առաջ Անտոնիանին ավտովթարի էր ենթարկվել, որից հետո կորցրել էր տեսողությունը և ձեռքերն ու ոտքերը շարժելու կարողությունը։

Շվեյցարիա մեկնելիս դիջեյին ուղեկցել է էվթանազիայի ակտիվիստ և կողմնակից Մարկո Կապատոն։ Վերադառնալուց հետո Կապատոյի դեմ հայց են ներկայացրել Միլանի դատարան, որն իր հերթին խնդրել է Սահմանադրական դատարանին հստակեցնել օրենքներն էվթանազիայի մասին։

Երկրում, որտեղ ավանդաբար ուժեղ են Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերը, դիջեյի ինքնակամ հեռանալը կյանքից առաջ է բերել մոլի վեճեր։ Եկեղեցին էվթանազիան համարում է ապաբարոյական և ինքնասպանությանը հավասարազոր երևույթ, որն արգելված է կրոնով։

Եկեղեցում հայտարարել են, որ դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից, որն ընդունվել էր Ֆրանցիսկոս պապի հորդորից մեկ շաբաթ հետո. Հռոմի պապը, ելույթ ունենալով բուժաշխատողների առջև, նրանց հորդորել էր «չտրվել գայթակղությանը» և չբավարարել ծանր հիվանդ մարդու՝ կյանքից հեռանալու ցանկությունը։

Իտալիայի Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ էվթանազիան պետք է թույլատրվի օրենքով, բայց միայն բացառիկ դեպքերում, օրինակ, եթե պացիենտը չափազանց ծանր և անբուժելի վիճակում է, որը նրան ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ է պատճառում, «որոնք նա անտանելի է համարում»։

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ