fbpx
Աշխարհ

Իտալիայում մեկօրյա համընդհանուր գործադուլ է

24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների և Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։

Համազգային գործադուլի արդյունքներն առաջինն իրենց վրա զգացել են ավիաուղևորները, որոնք արդեն հինգշաբթի երեկոյան բախվել են մի շարք չվերթների չեղարկմանը իտալական օդանավակայաններում: Ու թեև ENAV ընկերության ավիադիսպետչերների ազգային գործադուլը կտևի միայն չորս ժամ՝ ժամը 13:00-ից մինչև 17:00-ն (Երևանի ժամանակով 15:00-ից մինչև 19:00-ն), հոկտեմբերի 25-ին Իտալիայում անխուսափելի են խնդիրները քաղաքացիական ավիափոխադրումների կազմակերպման ոլորտում:

Բանն այն է, որ 24-ժամյա գործադուլ են հայտարարել Alitalia խոշորագույն ազգային ավիաընկերության օդաչուներն ու բորտուղեկցորդները, ինչպես նաև Միլանի օդանավակայանների աշխատակիցները: Դրա հետևանքով Alitalia-ն հարկադրված էր չեղարկել 240 ավիաչվերթ:

Ոչ պակաս բարդ իրավիճակ է այժմ ստեղծվել նաև երկաթուղային տրանսպորտում: Երկաթուղային հաղորդակցության մեջ առավել լուրջ խնդիրներ են ծագել երկրի հյուսիսում, որն ապահովում է Trenold ընկերությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Malpensa Express գնացքների երթևեկության ընդհատումներին, որոնք Միլանը կապում են Մալպենսի միջազգային օդանավակայանի հետ:

Սակայն այս ժամերին ամենալարված իրավիճակը տիրում է Հռոմում, որտեղ պատմության մեջ առաջին անգամ համազգային արհմիութենական համադաշնությունների կոչով հայտարարված է կոմունալ տնտեսության գրեթե բոլոր ձեռնարկությունների և քաղաքային տրանսպորտի աշխատողների 24-ժամյա ընդհանուր գործադուլ: Այս ակցիային միացել է մոտավորապես 30 հազար մարդ: Արդյունքում՝ փաստորեն լիովին կանգ է առել մետրոյի, ավտոբուսների, տրամվայների ու քաղաքամերձ գնացքների երեթևեկությունը, ինչպես նաև Ama ընկերության աշխատանքը, որն Իտալիայի մայրաքաղաքում զբաղվում է աղբահահանությամբ:

Համազգային գործադուլին միացել են նաև Իտալիայի բժշկական ու կրթական հաստատությունների բազմաթիվ աշխատողներ: Հոկտեմբերի 25-ին տեղական հիվանդանոցներում բոլոր պացիենտներին երաշխավորված է միայն անհետաձգելի օգնության տրամադրումը: Բացի այդ, գործադուլին միացել են իտալացի փաստաբանները և պոլիգրաֆիական արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկությունների աշխատողներ:

Տեղական ԶԼՄ-ները հոկտեմբերի 25-ը կնքել են «սև ուրբաթ»: Հռոմում և Միլանում իրադրությունն էլ ավելի կբարդացնեն աշխատավորների ցույցերը, որոնք մտադիր են փողոցներ դուրս գալ և պաշտպանել իրենց տնտեսական իրավունքները:

«Այս գործադուլն օրինական է, քանի որ բողոքի ակցիայի հայտարարման բոլոր ընթացակարգերը պահպանված են: Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, որպեսզի թույլ չտանք չարաշահումներ»,-հայտարարել է Իտալիայում գործադուլների անցկացման պետական երաշխավոր Ջուզեպե Սանտորո-Պասարելին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ