Զինված Ուժեր

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

«Ցոր» զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն ու զինծառայողների հարազատներն ավելի խիստ պատիժ էին ակնկալում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նա նշեց, որ Ջալալ Հարությունյանը դատարանի նիստերի դահլիճից չի ձերբակալվել, խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել։ «Մենք ավելի խիստ պատիժ էինք ակնկալում, բայց դեռ չեմ հասցրել խոսել տուժողների իրավահաջորդների հետ»,- նշեց փաստաբանը։

«Ցոր» զորամասի զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ծնողները ցմահ ազատազրկում էին պահանջում Ջալալ Հարությունյանի համար մինչև այն ժամանակ, երբ գործից անջատվեց մի մաս ու կարճվեց․ «Մենք շատ կուզենայինք, որ նա ցմահ նստեր, որովհետև 5 տարի 5 ամիսը նման հանցագործի համար քիչ է։ Եթե մյուս գործերը չկարճվեին, գուցե ցմահ ազատազրկման ենթարկվեր։ Բայց էլի ուրախ ենք, որ պատժվելու է, մենք դա հաղթանակ ենք համարում»–ասաց Անահիտ Մանասյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ