Սեպտեմբերի 10-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը կենտրոնական ուղղությամբ տեղակայված, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող միավորմանը հանդիսավոր պայմաններում հանձնել է մարտական դրոշ, հայտնում են ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Շնորհավորելով անձնակազմին՝ բանակի հրամանատարը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է միավորմանը մարտական դրոշի հանձնումը: Այն պետք է ավելի ոգևորի միավորման ողջ անձնակազմին և պարտավորեցնի յուրաքանչյուրին ավելի բարձր պատասխանատվությամբ կատարելու առաջադրված խնդիրները: Վստահ եմ, որ մարտական դրոշը կպարտավորեցի էլ ավելի բարձր պահելու արցախյան գոյապայքարում նահատակված մեր զինակից ընկերների պատիվը և ավելի անառիկ պահելու վերջիններիս արյամբ գծված Արցախի սուրբ սահմանները»:
Միավորման հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր վստահության ու պատվի համար, հավաստիացրել է, որ միավորումը, ենթակա բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները բարձր կպահեն մարտական դրոշի պատիվը և, ամենօրյա ծառայողական ու մարտական խնդիրների կատարմամբ, ամեն ինչ կանեն առկա ցուցանիշները նոր նշաձողի հասցնելու, վերադաս հրամանատարության ու մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
Մարտական դրոշի հանձնման խորհրդանշական միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով: