Ճապոնիայում 100 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բնակիչների թիվը հասել է աննախադեպ՝ 107,677-ի։ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ ավելացել է 7,914-ով՝ արձանագրելով 56-րդ անընդմեջ տարեկան աճը։ Կանայք կազմում են այս խմբի շուրջ 88 տոկոսը։ Առողջապահության նախարար Կենիչիրո Ուենոն ողջունել է այս ռեկորդը՝ դա կապելով բժշկական տեխնոլոգիաների զարգացման, առողջ ապրելակերպի և սննդակարգի հետ, հայտնում է Al Jazeera-ն։
Այնուամենայնիվ, երկարակեցության այս ցուցանիշի հետևում թաքնված է լուրջ ժողովրդագրական անհավասարակշռություն։ Երկրում տարեցների թվաքանակի աճին զուգահեռ ծնելիության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր, ինչը հանգեցնում է աշխատուժի կրճատմանը և սոցիալական ապահովության, կենսաթոշակների ու առողջապահական համակարգի վրա դրված ֆինանսական ծանրության ավելացմանը։
Ճապոնիայի բնակչության մոտ 30 տոկոսն այժմ 65 և բարձր տարիքի է, իսկ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2070 թվականը այդ ցուցանիշը կարող է մոտենալ 40 տոկոսին։ Անցյալ տարի երկրում 95-ից բարձր տարիքի ավելի քան 800,000 մարդ է ապրել, մինչդեռ ծնվել է ընդամենը 700,000 երեխա։ 2025 թվականի նախնական տվյալներով՝ Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 45-ում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել, և միայն Տոկիոյում ու Օկինավայում է նկատվել աճ։
Բնակչության կրճատումը լուրջ ազդեցություն է թողնում աշխատաշուկայի վրա։ Տրանսպորտի, շինարարության, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում սուր կադրային դեֆիցիտ է նկատվում։ Թեև օտարերկրացի աշխատողների թիվն ավելացել է, նրանք կազմում են բնակչության ընդամենը 3 տոկոսը, իսկ ներգաղթի ընդլայնման առաջարկները շարունակում են քաղաքականապես զգայուն թեմա մնալ։
Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, այդ թվում՝ նպաստների տրամադրումն ու մանկապարտեզների սուբսիդավորումը, դեռևս չեն կարողացել կանգնեցնել ծնելիության անկումը։ 2025 թվականին ծնելիության գումարային գործակիցը նվազել է մինչև ռեկորդային 1.14՝ հեռու մնալով բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.1 ցուցանիշից։ Վարչապետ Սանաե Տակաիչին բնակչության նվազումը որակել է որպես ազգային մարտահրավեր, որը սպառնում է երկրի տնտեսական և սոցիալական հիմքերին։

