Ճապոնիայի Կիոտո քաղաքում հուլիսի 21-ին, որոշում է կայացվել ձերբակալել 41-ամյա տղամարդուն, որը կասկածվում է անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիան հրկիզելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հաղորդում է DW-ը:
Ոստիկանությունը մտադիր է կալանել նրան: Ծանր այրվածքների պատճառով ավելի վաղ նա տեղափոխվել էր Օսակայի հիվանդանոց: Հետաքննիչները սպասում են նրան հարցաքննելու հնարավորությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ դեռևս չեն հաստատվել հրկիզողի ո′չ բնակության վայրը, ո′չ մասնագիտությունը:
Իսկ ճապոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանությունը հայտնաբերել է նրա վարորդական իրավունքը, որտեղ նշված է տղամարդու հասցեն: Լրագրողների տեղեկություններով՝ 2012 թվականին տղամարդը դատապարտվել էր գողության համար, սակայն այնուհետև ազատ արձակվել հոգեկան խանգարման պատճառով: Մինչ օր նա ապրում էր պետական նպաստի հաշվին:
Հրկիզման դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Հանցագործը բենզին էր լցրել KyotoAnimation ստուդիայում, այնուհետև հրկիզել այն՝ բղավելով «Մահացե′ք»: Կրակը մարվել է երեք ժամ անց: Հրկիզման պահին շենքում գտնվել է 70 մարդ: Զոհվել է 34 քաղաքացի. մեծամասնությունը շնչահեղձ է եղել: Եվս 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ հրկիզողը մեղադրել է ստուդիային, որ այն գողացել է սցենարի համար նրա գաղափարը: