Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը: Դա են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք Սահմանադրության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին հրապարակել է «Մայնիտի» թերթը: Հարցումն ապրիլի 13-ին և 14-ին անցկացվել է ամբողջ երկրում, սակայն դրա արդյունքները միայն այժմ են հրապարակվել:
Ճապոնիայում միապետության համակարգը վերացնելու օգտին հանդես է եկել երկրի բնակչության 7 տոկոսը և, ընդհակառակը, կայսեր դերի ուժեղացում է պահանջում հարցմանը մասնակցած ճապոնացիների 4 տոկոսը:
Ճապոնիայում կայսրն ազգի և պետության խորհրդանիշի դերն ունի, իսկ իրական իշխանությունը պատկանում է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, մայիսի 1-ին Ճապոնիայում գահ է բարձրացել 59-ամյա նոր կայսր Նարուհիտոն այն բանից հետո, երբ մեկ օր առաջ հանգստի գնաց նրա 85-ամյա հայրը՝ Ակիհիտոն: Եվս մեկ հարցման համաձայն, որն անցկացվել է «Կիոդո» գործակալության կողմից, ճապոնացիների մոտավորապես 82 տոկոսը դրական է վերաբերվում նոր կայսրին: