Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելուց առաջ:
Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:
Երկու նախարար կփոխվի, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2 մարդ, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կմտնեն կառավարության կազմ:
Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Այնուհետև այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված:

