Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար և կարող են դատապարտվել մինչև մեկ տարվա ազատազրկման: Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով և գնորդի տվյալներով:
Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն երկրպագուների ինքնությունը:
Օրենքը չի ազդի Տոկիո-2020-ի հրավիրատոմսերի և անվճար տոմսերի վրա: Եթե երկրպագուն ինչ-ինչ պատճառներով չկարողանա ներկա լինել մրցմանը, ապա նա հնարավորություն կունենա վաճառել իր տոմսը Տոկիո-2020-ի կազմկոմիտեի կայքում:
Տեղեկացնենք, որ Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձևերում:
