Հունվարի 3-ին Ջերմուկում կանցկացվի «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Այս տարի հեղինակային երգի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ՝ անհատ կատարողներ և ուսումնական հաստատությունների սաներ։ Մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն 9 մասնակիցները, որոնք հունվարի 3-ին՝ ժամը 16:00-ին, հանդես կգան իրենց կատարումներով։ Լավագույն մասնակիցներից բացի՝ դրամական պարգևատրում կստանան նաև նրանց մանկավարժները և ուսումնական հաստատությունները։
Միջոցառումը կազմակերպվում է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հեղինակային երգի անվանակարգը, որը երկրորդ տարին է անցկացվում, կարևոր հարթակ է երիտասարդ երաժիշտների համար՝ իրենց տաղանդը ներկայացնելու և գնահատվելու։

