fbpx
Հասարակություն

Ջերմուկը վերականգնվում է. բոլոր տեղերում ամրագրումների համար այլևս տեղ չկա

Թեև նախորդ տարի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների, քաղաքում այս Ամանորը դիմավորելու ցանկություն ունեցողների պակաս չի զգացվում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը փաստում է՝ դա է վկայում ռեստորանային համալիրներում, հյուրանոցներում, հյուրատներում, առողջարանային համալիրներում ամրագրումների քանակը:

«Մարդիկ հետաքրքրված են, զբոսաշրջիկներ նույնպես կան։ Առողջարաներն ունեն իրենց ծրագրերը, իսկ համայնքը դեկտեմբերի 30-ին և 31-ին գլխավոր տոնածառի շրջակայքում է կազմակերպելու ամանորյա ծրագիր: Քաղաքը գրեթե ամբողջությամբ զարդարված է, որոշ մասն էլ կավարտենք մի քանի օրից: Կան այգիներ՝ այս տարի առաջին անգամ ենք զարդարում»,- ասում է նա:

Մանրամասնելով դեկտեմբերի 30-ին և 31-ին նախատեսված միջոցառումները՝ համայնքային իշխանության ներկայացուցիչը նշում է՝ իրականացվելու է «Ջերմ Ամանոր» համերգ-տոնավաճառ «Ջերմուկում» նախագիծը, որի կազմակերպիչը «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ն է: Լինելու է նաև տոնական համերգ, որի ընթացքում հանդես կգան ժողովրդական, ազգային, ջազ և էստրադային ժանրի արտիստներ։ Կազմակերպվելու է տոնական նվերների և հուշանվերների ամանորյա տոնավաճառ, որտեղ իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները կներկայացնեն անհատներ, արտադրողներ, փոքր և միջին տնտեսվարողներ:

Արսենյանի խոսքով՝ Ձախափնյակ թաղամասում կտեղադրվի տարիներ առաջ արտերկրից բերված տոնածառը:

Անդրադառնալով ճոպանուղին՝ վերջինս վստահեցնում է, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի հունվարի վերջին։

Համայնքապետի խոսքերը փաստում են նաև Ջերմուկի առողջարանների ներկայացուցիչները: Մեզ հետ զրույցում նրանք ընդգծում են, որ, ի տարբերություն ամռան ամիսների, այժմ մարդիկ մեծ ցանկություն ունեն Ամանորը համայնքում տոնելու: Որոշ վայրերում անգամ տեղերը սպառվել են դեռևս մեկ-երկու ամիս առաջ։

Օրինակ՝ «GRAND RESORT JERMUK»-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենց մոտ բոլոր ամրագրումներն արդեն սպառվել են․ «Եթե համեմատենք մնացած տարիների հետ, այս տարի ավելի շատ հետաքրքրվածություն կա և ավելի շուտ սկսվեց ամրագրումների ընթացքը։ Դեկտեմբերի 31-ին գալա ընթրիք ենք կազմակերպելու, միջոցառում է լինելու, դիջեյ, մանկական ծրագրեր, երաժշտական բենդեր։ Տրամադրվածությունը ջերմուկյան է»։

Ըստ զրուցակցի՝ ամրագրումները նախատեսված են մոտավորապես 200 հոգու համար։ Հարցին՝ տեղացինե՞րն են գերակշռում, թե՞ օտարերկրացիները, վերջինս ասում է՝ տեղացիները, սակայն օտարերկրացիներ նույնպես կան:

«Jermuk hotel and spa»-ում նույնպես այս պահին ազատ սենյակներ առկա չեն՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածը: Այստեղ հյուրերին առաջարկում են սնունդ, 40 տեսակի բուժական ծառայություններ, հանգիստ։

«Ararat Health Center»-ում էլ տոնական սեղան է լինելու, դիջեյ, ամանորյա մթնոլորտ:

«Ամրագրումները շատ են, այսինքն՝ ինչքան ցանկանում էինք վաճառել, սպառել ենք։ Այժմ բոլոր տեղերը սպառված են, հյուրերը հայեր են։ 140 հոգու համար է նախատեսված եղել։ Նոր տարվա համար այս ակտիվությունը լավ է»,- ասում է ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ