fbpx
Աշխարհ

Ջոնսոնը դարձյալ նպատակ է դրել կասեցնելու Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է դարձյալ՝ հոկտեմբերի 8-14-ը դադարեցնել երկրի խորհրդարանի աշխատանքը: Այս մասին հաղորդում է CNN -ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությունը:

«Վարչապետը հետևողականորեն շեշտել է, որ մտադիր է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել միապետի ճառում: Պայմանավորված այս հանգամանքով՝ նա մտադիր է խնդրել թագուհի Էլիզաբեթ II-ին, որպեսզի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը դադարեցվի հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ միապետի ելույթը տեղի ունենա հոկտեմբերի 14-ին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բրիտանական կառավարությունում ընդգծում են, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի հնարավոր նվազագույն ժամկետով, որ կառավարությանը հնարավորություն տա նախապատրաստվելու նոր խորհրդարանական նստաշրջանի մեկնարկին և ներկայացնելու իր քաղաքական ծրագիրը, որի առանցքային մասը կկազմի Brexit-ին նախապատրաստվելը, կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումը, հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև նոր տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը:

Խորհրդարանի աշխատանքի ժամանակավոր կասեցումը սովորական ընթացակարգ է: Այն տեղի է ունենում նոր խորհրդարանական նստաշրջանի բացումից և միապետի ելույթից առաջ, որի ճառում շարադրված է կառավարության առաջիկա տարվա ծրագիրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոնսոնն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը: Ավելի ուշ Գերագույն դատարանի դատավորները միաձայն ապօրինի էին ճանաչել Ջոնսոնի որոշումը, ինչի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված էր եղել դադարեցնել մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և վերադառնալ Մեծ Բրիտանիա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ