fbpx
Խորհրդարան

Կան դատավորներ, որոնց գոյությունը համակարգում ռիսկի տակ է դնում մեր երազած դատական համակարգ ստեղծելը․ Կոնջորյան

Մենք ունեցել ենք խնդիր և հասկանում ենք, որ այդ խնդրի ճարտարապետներից մի մասը շարունակում են պաշտոնավորել դատական համակարգում: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին:

Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ խոսելով ՀՀ-ում տեղ գտած խորքային խնդիրների մասին՝ առաջին եռյակում, այդ թվում՝ այս ամբիոնից, նշվել է կոռումպացված, կախյալ դատական համակարգի գոյությունը:

«Սա մի բան է, որտեղ ունենք լիակատար համաձայնություն։ Ակնհայտ է, որ որ երբ խոսում ենք անկաշառ դատական համակարգ ստեղծելու մասին, հասկանում ենք, որ կան դատավորներ, որոնց գոյությունը դատական համակարգում արդեն ռիսկի տակ է դնում մեր երազած դատական համակարգ ստեղծելը»,-նշեց պատգամավորը։

Հայկ Կոնջորյանը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը հայտարարագրումը համարեց և ասաց, որ այդ նախագիծը կարևոր արձանագրումներ է անում: Ըստ նրա՝ եթե կան դատավորներ, որ որոշակի կոռուպցիոն ռիսկերից են կախված, ապա չի կարելի արդար դատական համակարգից խոսել:

Անդրադառնալով դրույթին, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն, պատգամավորը կեղծ օրակարգ համարեց տարիքի խնդիրը քննարկելը:

«Որևէ մեկը չի պնդում, թե լինել ավագ, արդեն իսկ նշանակում է լինել կոռումպացված, խոստովանում ենք, որ կան ավագ սերնդի դատավորներ, որ պրոֆեսիոնալ և արդար են, բայց կան կոռուպցիոն կենսափորձ ունեցողներ ևս: Կոռեկտ չէ տարիքի կանխավարկածից ելնելով ասել, որ 25 տարեկան և երեք տարի փորձառություն ունեցողը չի կարող որոշումներ կայացնել»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ