Հասարակություն

Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է 8 տարվա հնության կեղծ հայտարարություն-կոչ։ Նշվում է, թե 00:30-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում արևի վտանգավոր ճառագայթումից խուսափելու համար հարկավոր է անջատել բջջային հեռախոսներն ու պլանշետները և քնելիս դրանք պահել մարմնից հեռու։ Հայտարարությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար՝ նշվել է, թե կոչն արել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հայտարարությունը շրջանառվում է նաև տարբեր հավելվածների հաղորդագրություններում։

Տարածման առաջին փուլը

Ինչպես արդեն նշվեց՝ այս լուրը ժամանակավրեպ է։ Առաջին անգամ համացանցում այն հայտնվեց 2012 թվականին, երբ աշխարհի կործանման՝ Վանգայի կանխատեսումները դեռ արդիական էին։ Իհարկե ժամանակի ընթացքում մարդկանց ահաբեկող այս տեքստը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնական տարբերակում նշվում էր, թե ճառագայթները Երկիր են հասնելու Մարս մոլորակից, և պետք է կապի միջոցներն անջատել 22:30-15:30-ն ընկած հատվածում։ Իսկ նյութի հաղորդման աղբյուր էր նշվում BBC-ն։

Երկրորդ փուլը

Երկրորդ անգամ այս կեղծ ալիքը մեծ ինտենսիվությամբ տարածվեց 2016/17 թվականներին։ Որպես կանոն՝ նմանօրինակ հաղորդագրությունները հայկական մեդիադաշտ են մուտք գործում ռուսական աղբյուրներից։ Այս դեպքում ևս տարածման նույն սխեման աշխատեց։ Սինգապուրյան հեռուստատեսությանը հղում անելով՝ ռուսական սոցցանցերից լուրը տարածվեց հայկական մեդիայում։

2017-ին արդեն նշվում էր, որ հեռախոսներն ու սմարթֆոններն անջատած քնելու կոչն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լուրին արձագանքել էր ՌԴ կառավարության աշխատակազմը՝ հայտնելով, որ այն անհեթեթ է, և նախագահը նման հայտարարություն չի արել։

Երրորդ փուլը

Հայտարարությունն այս տարի առաջին անգամ արվել էր դեռևս մարտի 3-ին՝ Ч’ Ёрный Д’еймон անունով կեղծ օգտատիրոջ կողմից, սակայն լայնորեն սկսեց տարածվել մարտի 27-ին՝ անձնական հաղորդագրությունների և ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Այս անգամ ևս հղում էր արված BBC-ին և Օդագնացության ու տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (NASA), որոնցից որևէ մեկը նման ինֆորմացիա չէր հաղորդել։

Չորրորդ փուլ

Հայտարարությունը՝ այս անգամ մեծամասամբ հաղորդագրությունների տեսքով, սկսեց տարածվել սեպտեմբերի 28-ին՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեժ փուլում։

Ինչո՞ւ բջջային հեռախոսներն անջատելու կարիք չկա. գիտական կողմը

Տիեզերական ճառագայթները, որոնցից զգուշանալու համար համացանցում կոչ են անում անջատել կապի հնարավոր բոլոր միջոցները, տարրական մասնիկների հոսքեր են, որոնք շարժվում են մեծ արագությամբ ու տարբեր աղբյուրներ ունեն։

Երկիր մոլորակ հասնող տիեզերական ճառագայթների մեծ մասը Արեգակից է։ Մարդու համար դրանք վտանգավոր են տիեզերքում, որտեղ չկա պաշտպանություն։ Սակայն Երկիր մոլորակը այդ ճառագայթներից պաշտպանության «վահան» ունի՝ հզոր մագնիսական դաշտը։

Մեծ արագությամբ թռչող մասնիկները, բախվելով մագնիսական դաշտին, կորցնում են իրենց էներգիայի ճնշող մեծամասնությունը ու գրեթե վնաս չեն տալիս։

Ըստ NASA-ի՝ տիեզերական ճառագայթահարման ուժեղ հոսք կարող է սկսել, եթե պայթի Երկրին շատ մոտ գտնվող աստղ։ Աստղագետների հաշվարկներով՝ ամեն 100 տարին մեկ մեր գալակտիկայում պայթում է միջինում մեկ կամ երկու Գերնոր աստղ։ Երկրագնդի օզոնային շերտը վնասելու համար՝ այդ աստղերը պետք է լինեն 50 լուսատարի հեռավորության վրա, մինչդեռ մեզ տեսանելի բոլոր Գերնոր աստղերը շատ ավելի հեռու են մեր մոլորակից։

Պետք է նշել նաև, որ տիեզերական ճառագայթները կարող են ազդեցություն ունենալ հեռախոսակապի վրա՝ ինտենսիվ ճառագայթման դեպքում. կապի արբանյակը կարող է վնասվել, քանի որ այն բարձր ուղեծրում է, իսկ մագնիսական դաշտը այդ բարձրության վրա թույլ է։ Սակայն դա չի նշանակում, որ Երկրում կապի միջոցները պետք է դառնան մեզ համար վտանգավոր։

Իսկ եթե նույնիսկ փորձենք պատկերացնել ճառագայթման այնպիսի ուժեղ հոսք, որ Երկրի մագնիսական դաշտը դրանք չթուլացնի, ապա այդ դեպքում անջատված բջջայիններն ու պլանշետները մեզ չեն կարող փրկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ