fbpx
Սպորտ

Կարանտինը Մխիթարյանի զոքանչին ու մայրիկին խանգարել է լքել Իտալիան․ Ռոմայի հարցազրույցը

«Իտալիայում կարանտինային 6-րդ շաբաթում WhatsApp-ով կապվել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ ու փորձել ճշտել՝ ինչ է անում այսպիսի անսովոր պայմաններում», – գրում է «Ռոմայի» կայքը։

-Ողջույն, Միկի։ Ինչպե՞ս ես։ (Նորմալ է չէ՞, որ քեզ Միկի-ով եմ դիմում)։

-Ողջույն, ընկերս։ Այո, բոլորն ինձ Միկի են ասում, նորմալ է։ Այստեղ ամեն ինչ կարգին է։ Ակնհայտ է, որ արտասովոր իրավիճակ է, երբ չես կարող տնից դուրս գալ, բայց հույս ունեմ, որ կհաղթահարենք սա, ու այն այլևս չի կրկնվի։

-Ինչպե՞ս ես հաղթահարում կարանտինը։ Արդեն 6-րդ շաբաթն է․․․

-Ուղղակի ապրում եմ բնակարանում։ Անկեղծ ասած, այնքան էլ հեշտ չէ։ Երբ լավ եղանակ է, ուզում ես դուրս գալ, մի բան խմել ինչ-որ տեղ կամ զբոսնել։ Ես նույնիսկ այգի չունեմ, այնպես որ շատ դժվար է։ Բայց պետք է մնանք տանը, գիտենք, որ դա հիմա ամենակարևորն է։ Կենտրոնանում ենք նրա վրա՝ ինչ կարող ենք ու պարտավոր ենք անել։

-Նոր ես հայր դարձել։ Շնորհավորում եմ։

-Շնորհակալություն։

-Կարծում եմ՝ այս իրավիճակի «լավ կողմն» այն է, որ այդքան շատ ժամանակ կարող ես անցկացնել Համլետի հետ․․․

– Այո՛, կարելի է ասել, բախտս մի քիչ բերել է։ Ողջ ժամանակը ընտանիքիս, տղայիս հետ անցկացնելն աշխարհում ամենալավ բանն է։ Եթե խաղալիս լինեինք, նրա հետ անցկացնելու այսքան ժամանակ չէի ունենա խաղերի ու ճամփորդությունների պատճառով։

-Էլ ո՞վ կա տանը քեզ հետ։

-Բացի կնոջիցս ու Համլետից, նաև մայրս ու զոքանչս են այստեղ։ Նրանք երեխայի ծնվելուց էին եկել, հետո կարանտինը մտցվեց ու ստիպված եղան մնալ այստեղ։ Բայց, իհարկե, նրանց համար հաճելի է երեխայի հետ լինելը։

-Ինչպիսի՞ն է իրավիճակը տանը։ Հետևո՞ւմ ես Հայաստանում տիրող իրավիճակին։

-Իհարկե, կանոնավոր հետևում ենք լուրերին ու լսում մեր ընկերների պատմածները։ Որոշ դեպքեր գրանցվել են, բայց հույս ունենք, որ սահմանափակումները կօգնեն կառավարել դրանք։ Մտածում էինք՝ միգուցե լավ կլինի ընտանիքի մի մասը վերադառնա, բայց հետո որոշեցինք, որ ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ։ Ամենքս մեր բաժինը պետք է պահենք։

-Մարզումներն ինչպե՞ս են։ Քեզ համար դրանք ինչպե՞ս են ընթանում։

-Լավ։ Չնայած լիովին տարբերվում են․․․Ակումբը հոգ է տանում մեր մասին․ մեզ սարքավորումներ ու այլ բաներ է ուղարկում։ Ծրագիր ունենք, որին հետևում ենք, այնպես որ դեռ քրտնաջան մարզվում ենք։ Բայց բնակարանում չեմ կարող վազել․․․դրա փոխարեն հեծանիվի վրա եմ շատ ժամանակ անցկացնում։

-Ինպիսի՞ն է այս ամենի մտավոր կողմը։ Դժվա՞ր է, երբ սովոր ես լինում խաղեր ու մարզումներ ունենալու վրա կենտրոնանալուն։

-Ողջ ժամանակ նույն միջավայրում լինելիս լիցքաթափվելը դժվար կարող է լինել։ Պետք է լինել հանգիստ, լինել հանդարտ, ընդունել ամեն ինչ, ինչպես կա հիմա և կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտենք, որ այս ամենը մի շաբաթում չի փոխվի, իսկ հետո 2-3 շաբաթվա մարզումներ պետք կլինեն նորից խաղալուն պատրաստ լինելու համար, երբ ամեն ինչ վերսկսվի։ Դա այն է, ինչ բոլորն ուզում են, բայց նախևառաջ, պետք է համոզվենք, որ ամեն ինչ անվտանգ է։

-Ուրեմն, ինչպե՞ս ես փորձում լիցքաթափվել։

-Կա Համլետը, որին կարող եմ հետևել ու հոգ տանել նրա մասին․․․Բայց մենք նաև հեռուստացույց ենք դիտում, մեծամասամբ՝ Netflix: Շատ ֆիլմեր եմ դիտում, նախկինում էլ էի դա անում, բայց հիմա ավելի շատ։

-Ի՞նչ ես դիտում։ Ու, որ ամենակարևորն է, որ լեզվով ես նախընտրում դիտել։

-Որոշ հայերեն բաներ եմ դիտում, իհարկե, ոչ Netflix-ով։ Հետո նաև ռուսերենով կամ անգլերենով։ Իտալերենով դեռ ոչ, որովհետև երբեմն չափազանց դժվար է առանց ենթագրերին հետևելու հասկանալը։

-Ակցենտն ու բարբառները կարող են բարդ լինել․․․

-Լուրեր ու որոշ բաներ իտալերենով նայում եմ, որպեսզի լսելն օգնի ինձ ավելի լավ հասկանալ լեզուն։ Բայց ֆիլմերում որոշ բառեր հասկանալն անհնար է։

-Բոլորը գիտեն, որ շատ լեզուների ես տիրապետում։ Բոլորն օգտագործո՞ւմ ես աշխարհի տարբեր մասերում գտնվող ընկերներիդ հետ խոսելիս։

-Բավականին շատ, այո։ Կարող եմ միանգամից մի քանի լեզվով հաղորդակցվել։

-Դա չի՞ վնասում հեռախոսիդ ավտոմատացված ուղղումների համակարգին։ Ես երբեմն անգլերեն ու իտալերեն եմ օգտագործում ու հիմա այն ինձ երբեք չի օգնում կամ իմաստ չի արտահայտում։

-Խնդիրը ավտոմատացված ուղղումները չշփոթելն է։ Ուղեղումս խառնաշփոթ է լինում։ Եթե ինչ, այն օգնում է ինձ։ Իմ ամենամեծ խնդիրը բառերը մոռանալն է․ ես հաճախ, երբ ինչ-որ բան եմ ուզում ասել, բոլոր լեզուներով հիշում եմ այդ բառը, բացի նրանից, որն ուզում եմ օգտագործել։ Դա հիասթափեցնում է։

-Պատկերացնում եմ (մոտավորապես)։ Ի՞նչ է կատարվում քո նամակներում։

-Նախևառաջ, վիրուսի վերաբերյալ նորություններ ենք ստանում։ Հետո խոսում այն մասին, թե երբ նորից կմարզվենք։ Դրանից հետո, իհարկե, մեմեր ու կատակներ են։ Բոլորը ստանում ու ուղարկում են դրանք։

-Մեկը կուղարկե՞ս։

-Միայն ծնողները կհասկանան․․․

-Ամեն դեպքում, սա իրական արտացոլանքը չէ․․․Համլետի հետ հիանալի է, նույնիսկ երբ լաց է լինում։ Բոլոր ծնողները գիտեն՝ ինչ դժվար է հասկանալը, թե երեխան ինչու է լալիս։

-Վստահ եմ․․․Չնայած կարանտինին, կարողանո՞ւմ եք նրա համար անհրաժեշտ ամեն ինչ ձեռք բերել։

-Այո, այո։ Իհարկե, մի փոքր դժվար է, բայց կարողանում ենք։ Մայրիկիս ու զոքանչիս մեքենայով տանում եմ խանութ, որպեսզի ինչ պետք է՝ գնենք։ Կարողանում ենք գլուխ բերել։

-Դա ամենակարևորն է․․․Շնորհակալ եմ, Միկի։ Հուսով եմ՝ շուտով բոլորին նորից կտեսնենք Տրիգորիայում։

-Մի՛ անհանգստացեք։ Թող բոլորը անվտանգ լինեն։

Գրում է ArmSport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ