Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ կազմակերպությունների՝ Բեյզ Մեթըլսի գործունեության էկոլոգիական փորձաքննության համար

Հրապարակող՝

arsen xaratyan

Ամենադիտվածներ

Արցախի տեղեկատվական շտաբի՝ երեկ հրապարակած՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում:

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ամբողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է Արցախի Հանրապետության կառավարության որոշման մեջ:

Ամենաթարմ