Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն:
Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով արդյունավետ են: Ըստ նրա՝ խնդիրը կանոնների պահպանումն է: Կանոնների պահպանման որակի հետ կապված, ասաց, որ խնդիր ունենք:
Վարչապետը նորից հիշեցրեց անվտանգության կանոնների մասին՝ նշելով, որ դրանց պահպանման դեպքում իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի:
Խստացված ստուգումներ են իրականացվելու միջմարզային սահմաններին, անցակատեր կսահմանվեն ստուգումների համար: Կանոնների խախտման դեպքում էլ վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ կգործեն: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հիմնական ուղղություններից է քաղաքացիների հետ երկխոսությունը, որ յուրաքանչյուրն անի իրենից կախվածը՝ չվարակելու և չվարակվելու համար:
Ավինյանն էլ ընդգծեց, որ անցել են ապակենտրոն պայքարի մոդելին.
«Այսօր պարետատան նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանվել է»:
