«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ։
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի:
«Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան դրանից 27 տարի առաջ: Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 միլիոն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են:
Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա և հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այս ոլորտում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար»,- նշել է Մաուրերը:
ԿԽՄԿ ղեկավարը ընդգծել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են այդ մարդկանց, սակայն կազմակերպությունը չի տալիս նրանց պայմանների հասարակական գնահատական: «Մենք այցելում ենք մարդկանց պայմանները գնահատելու համար, բայց ինչպես գիտեք, սա ԿԽՄԿ-ի համար գաղտնի գործընթաց է»,- բացատրել է Մաուրերը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանի իշխանությունների հետ: