Կարմիր գիծը հատվում էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ նոր Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են ստալինյան բռնաճնշումների հետ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Ցինիկ հայտարարություն է։ Իրենք ամեն բան արել են իրենց կուսակցական ընկերոջը ՍԴ դատավոր հավերժ ընտրելու համար: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է Հրայր Թովմասյանը, ով լավ տեղյակ է այն հանցագործությունների շարքի մասին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել և արել են այդ կուսակցության շատ ներկայացուցիչներ: Սրանով է պայմանավորված նրանց աջակցությունն իրենց վերջին մոհիկանին»:
Վարչապետի մամուլի խոսնակը շեշտում է՝ Հանրապետականները քաջ գիտակցում են, որ փոփոխությունները, որոնք անպայման գալու են նաև ՍԴ, «ամբողջությամբ մերկացնելու են նաև այն ժամանակաշրջանի խախտումները, որոնց կառչելով ՀՀԿ-ի մնացորդները փորձում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռ կա»:
Պնդումներին, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելով, նրա հայրական տուն ԱԱԾ քննիչների այցով կարմիր գիծ է հատվում, նա պատասխանել է․ «Կարմիր գիծը անցնում էին այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ ստիպում էին հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Թող պատմի, հանրությանը ներկայացնի, թե ինչպես է ընտրվել ՍԴ նախագահ, ինչպես է աջակցել Սերժ Սարգսյանին, որ այնպիսի սահմանադրություն ներկայացվեր հանրությանը, որ երաշխավորեր նրա հավերժ կառավարումը»։
Աղբյուրը՝ Azatutyun.am