Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում:
Պաշտոնական տվյալների համաձայն` 2019 թվականի հունվարից մինչև ապրիլ Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 3172 դեպք: Այդ ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում վարակվածների թվական տվյալները: Նորման տարվա ընթացքում կարմրուկով հիվանդանալու 10 դեպքն է: Ինֆեկցիոնիստները կարծում են, որ կարմրուկի համաճարակը Վրաստանում կարող է կանգնեցնել միայն համատարած պատվաստումը:
Սերգեենկոյի խոսքով՝ պատվաստումներ ստացել են արդեն Վրաստանի 120 հազար բնակիչ, սակայն դա բավարար չէ: Նա հայտարարել է, որ այս տարի կարմրուկի դեմ պատվաստման գծով առողջապահության նախարարության նպատակը պատվաստվողների թիվը 300 հազարի հասցնելն է:
Իմունացման համաշխարհային շաբաթը նշվում է ամեն տարի՝ ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում: Այն ուղղված է ցանկացած տարիքում մարդկանց հիվանդություններից պաշտպանության համար պատվաստանյութերի օգտագործումը խրախուսելուն: