Չինացի գիտնականներն աշխատում են հիպերձայնային հրթիռի վրա, որը կարող է հարվածել շարժվող մեքենաներին, երեքշաբթի գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով նախագծում ներգրավված գիտնականներին։
Հստակեցվում է, որ գիտնականների խումբը՝ Յանգ Սյաոգանգի գլխավորությամբ, Սիան քաղաքի Ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային ուժերի ինժեներական համալսարանից ստեղծում է ջերմություն փնտրող հիպերձայնային զենք, որը կարող է հարվածել շարժվող մեքենային՝ ձայնի արագությունից հինգ անգամ գերազանցող արագությամբ։
Գիտնականները նշում են, որ իրենք արդեն զգալի առաջընթաց են գրանցել հիմնական խնդրի լուծման հարցում, այն է՝ ինչպես որոշել ծայրահեղ մեծ արագությամբ շարժվող թիրախը։
Հրատարակությունը գրում է, որ գիտնականների թիմը վերջնաժամկետ է սահմանել մինչև 2025 թվականը՝ հիպերձայնային տեխնոլոգիաների ոլորտում անլուծելի թվացող խնդիրներին լուծումներ գտնելու համար։ Քանի որ գերարագ հրթիռը կարող է վայրկյանում երկար տարածություն անցնել, ուստի դիրքավորման և ուղղորդման համակարգում ամենափոքր սխալը կարող է հանգեցնել զգալի կորստի:
Բացատրվում է, որ հեռավորության վրա փոքր շարժվող թիրախի ինֆրակարմիր ճառագայթումը ընդամենը մի քանի պիքսել է՝ առանց ձևի, հյուսվածքի և կառուցվածքի մասին մանրամասն տեղեկությունների, ինչը չափազանց դժվարացնում է նույնականացման և հետևելու գործընթացը։ Ջերմային սենսորին անհրաժեշտ է չափազանց ցուրտ միջավայր, սակայն հրթիռի մակերեսի ջերմաստիճանը կարող է հասնել մի քանի հազար աստիճանի ցելսիուսի՝ ստեղծելով ֆոնային աղմուկ։
Սակայն, գիտնականները պարզաբանել են, որ ջերմության որոնման նոր տեխնոլոգիայի շնորհիվ չինացի զինվորականները կկարողանան աննախադեպ արագությամբ ոչնչացնել կարևոր թիրախները մեծ հեռավորությունից և զգալիորեն ընդլայնել հիպերձայնային զենքի շրջանակը տարածաշրջանային պատերազմում:
Հրատարակությունը գրում է, որ ի սկզբանե հիպերձայնային զենքերը մշակվել են հակաօդային պաշտպանության համակարգերը հաղթահարելու և ցամաքային անշարժ թիրախները ջախջախելու համար։ Ընդհանրապես համարվում էր, որ նման բարձր արագությամբ սահմանափակ մանևրելիությունն անհնարին կդարձնի շարժվող թիրախներին հարվածելը։ Սակայն վերջին տարիներին Չինաստանը ցուցադրել է աճող հնարավորություններ նաև շարժական թիրախների դեմ, ներառյալ ավիակիր մոդելը, որը տեղադրված է ռելսերի վրա Գոբի անապատում գտնվող ուսումնական հրապարակում:
Աղբյուրը՝ shantnews.am