Իրավական

Կարծում եմ, որ արդարադատության բարեփոխումների ընթացքը ճիշտ է․ Սերգեյ Բագրատյան

Այն, որ Վենետիկի հանձնաժողովը դրական է որակել Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում սպասվելիք փոփոխությունները, կարծում եմ՝ լավ մեսիջ է հանրությանը. այսինքն իշխանությունը ճիշտ ճանապարհով է գնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, եթե Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է այդ փոփոխությունները, նշանակում է եվրոպական որոշակի կառույցներ հավատում են այս գործիքակազմին:

«Ի վերջո պետք է հասկանանք, թե արդարադատությունը որ ուղղությամբ պետք է փոխենք: Հեղափոխության կարևորագույն պայմաններից մեկն արդարադատության իրականացումն է: Արդարադատության իրականացման այն գործիքակազմը, որ ժառանգել ենք, վստահություն չի ներշնչում հասարակությանը: Այո, միջազգային կառույցների օգնությամբ մենք կարող ենք ստեղծել այն արդար գործիքակազմը, որն իսկապես կծառայի արդարադատությանը:

Որևէ մեկը չի ներելու, վրեժխնդրությունը մնալու է մարդկանց մեջ, մնալու է բորբոքված մարմնում, մինչև որ դուրս չհորդի այդ բորբոքված մասսան, որ գտնվում է մարմնի տակ: Դրա անողը արդարադատությունն է: Արդարադատությունն է, որ մարդկանց կարող է հեռու պահել վրեժխնդրությունից և ատելությունից: Հանդուրժողականությունը կվերագտնենք, եթե մարդը, որ հալածվել է տարիներ շարունակ, որի մերձավորները տեսել են այդ կեղեքումը, այդպես ստորացված, արժանապատվությունը վիրավորված, տրորված ինչպե՞ս կարող է ապրել: Մարդիկ տարիներ շարունակ մղձավանջում են ապրում և միայն արդարադատությունը կարող է փրկել հասարակությանը և բերել բնականոն հուն: Ես անձամբ կարծում եմ, որ այդ բարեփոխումների ընթացքը ճիշտ է»,-նշեց Բագրատյանը:

Անդրադառնալով այն բանին, որ այդ փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում, որ ՍԴ անդամները հրաժարական տան՝ պահպանելով իրենց աշխատավարձն ու կենսաթոշակը, Բագրատյանն ասաց, որ անգամ եթե այդ ընտրությունը նախորդ ռեժիմի ժամանակ է տեղի ունեցել և հաճախ մենք կասկածներ ունենք այդ լեգիտիմության հետ, բայց մարդու իրավունքն է իր վաստակը կարողանալ պահել:

«Սա վելի հանդուրժող գործիքակազմ է, քան ստիպելը, պարտադրելը կամ հանրային ճնշումը: Ավելի ընդունելի կլինի, որ մարդուն գնահատես ճանապարհելուց առաջ: Այս պահին նրանց տրված է հնարավորություն, այլ հարց է՝ կօգտվեն դրանից թե ոչ: Լավ է, որ Եվրոպան դա դիտարկում է որպես լեգալ գործիքակազմ: Այն, որ դա կարելի է դիտարկել որպես կաշառքի մի ձև, չի դիտարկվում եվրոպական արժեհամակարգի կողմից: Ես նույնպես կարծում եմ, որ այն, ինչ բացահայտ է արվում, չի կարող դիտարկվել որպես կաշառք:

Նույնիսկ պատերազմի ժամանակ ֆորմատ կա, երբ դու հակառակորդին շրջապատել ես, նա ստիպված է լնիելու անկանոն կրակել, վնասել և՛ իրեն, և՛ դիմացինին: Այդ ժամանակ նրան միջանցք են տրամադրում: Հիմա այս դեպքում էլ պետք չէ մարդկանց կամքը ճնշել, պետք է հնարավորություն տալ, որ իրենք ընտրություն կատարեն»,-ասաց պատգամավորը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ