Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է «Վանանդ կաթ» և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրամասերի որոշ գործառույթներ՝ վտանգավոր սննդամթերքի արտադրության պատճառով։
«Վանանդ կաթ» ընկերության արտադրամասում (Արմավիր, Շահումյան փողոց) կասեցվել է «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի արտադրությունը։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ 05.11.2025 և 10.11.2025 թթ. արտադրության նմուշները չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշը կազմել է 1-5%, ինչը վտանգավոր է և համարվում է կեղծված սննդամթերք։
Նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել նաև «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր), որտեղ կասեցվել է «Ջաջուռ» արտադրատեսակի արտադրությունը։ Նույն ցուցանիշով՝ կաթնայուղի զանգվածային մասի նորմերը չեն պահպանվել, ինչը նույնպես վտանգավոր է։
ՍԱՏՄ-ն սահմանել է խախտումների վերացման վերջնաժամկետ՝ պահանջելով ապահովել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Ըստ կանոնակարգի՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպի փոխարինումը չպետք է գերազանցի 50%-ը։

