Քևին Քոսթների «Հորիզոն. Ամերիկյան սագա» ֆիլմաշարը հայտնվել է անորոշ վիճակում։ Մինչ ֆիլմի առաջին մասը մայիսի 23-ին հասանելի կդառնա Prime Video հարթակում, երկրորդ մասի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։ Չնայած երկրորդ մասը նկարահանված և պատրաստ է, Warner Bros.-ի աղբյուրները հաստատում են, որ այս տարի դրա թողարկումը չի նախատեսվում։
Ֆիլմաշարի ֆինանսական դժվարությունները սկսվել են դեռևս առաջին մասի վարձույթից հետո, որը տապալվել է կինոթատրոններում՝ 100 միլիոն դոլար բյուջեի դեպքում հավաքելով ընդամենը 38.8 միլիոն դոլար։ Իրավիճակը բարդացել է նաև իրավական խնդիրների պատճառով, այդ թվում՝ չվճարված հոնորարների և աշխատանքային վեճերի հետ կապված հայցերի, որոնք «սառեցրել» են նախագծի առաջխաղացումը։
Քևին Քոսթները, սակայն, չի հրաժարվում իր մտադրությունից և շարունակում է ներդրողներ փնտրել ֆիլմաշարի երրորդ և չորրորդ մասերի արտադրության համար։ Դերասանը բանակցություններ է վարում տարբեր աղբյուրների հետ՝ ֆինանսավորում ապահովելու և նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով, թեև ներկա պահին ֆիլմի շարունակության հեռանկարները մնում են մշուշոտ։

