Կրթության նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը առաջարկվում է ակադեմիական տարկետում տալով ՀՀ-ում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում:
Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրվում է միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր լինելու, առարկայական օլիմպիադաներում ՀՀ առաջին կարգի դիպլոմ նվաճելու և բուհերի միջազգային վարկանիշային սանդղակի առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում կրթության հիմքով տարկետում տրվում է նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում (հաշվարկի համապատասխան մեթոդաբանությամբ` ըստ միավորների):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, մեկնաբանելով ներկայացված նախագիծը, նշում է, որ գործող ընթացակարգով օտարերկրյա առաջատար բուհերը որոշակի առաջնահերթություն են ստանում հայաստանյան բուհերի համեմատությամբ: «Մեր երիտասարդ բազմաթիվ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող երիտասարդների ներուժն արհեստականորեն ուղղորդվում է դեպի արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային բուհերում կրթություն ստանալու կարևորությունը, առավելություններն ու դրական կողմերը, այնուամենայնիվ, մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պետք է լինեն հայաստանյան բուհերը։ Սա նաև կնպաստի ՀՀ բուհական համակարգի զարգացմանը, քանի որ բուհերը մեր լավագույն երիտասարդների հետ աշխատելու, նրանց՝ գիտության և հետազոտության ոլորտում ներգրավելու հնարավորություններ կունենան»,- նշում է Հ. Գևորգյանը։
Վարչության պետի խոսքով` տարկետման առաջարկվող իրավունքի տրամադրման մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ սովորողի ուսումնառության ողջ ընթացքի համար կսահմանվի միջին որակական գնահատականի շեմ, որը չապահովելու դեպքում տարկետման իրավունքը կդադարեցվի:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը:
