ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
«Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ,
Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով:
Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, և, ընդհանրապես, մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը պետք է նշենք անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ Օրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:
Մայիսի 18-ը ընդունված է համարել նաև թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոն: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր իրենց նվիրյալ, բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքով կապված են թանգարանային մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման գործին: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական բեղուն գործունեություն, բուռն խանդավառություն և հարյուր հազարավոր այցելուներ»,-ասվում է նախարարի ուղերձում: