Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ներկայացրել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար մեղադրվող երեք քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները: Ըստ դրա՝ քույրերից երկուսը ծնողին սպանելու ժամանակ կարող էին գիտակցել իրականացվող գործողությունների փաստացի բնույթն ու կարող էին կառավարել դրանք, մինչդեռ երրորդի համար կնշանակվի հարկադիր բուժում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պետրենկոն նշել է, որ քննությունը հավաքել է բավարար քանակով ապացույցների բազա, և որ հետաքննությունն ավարտված է:
Քույրերից երկուսի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման նպատակով: Ինչ վերաբերում է կրտսեր քրոջ գործին, ապա այն բուժում անցնելու անհրաժեշտության որոշմամբ դատախազությունում է:
Հիշեցնենք, որ Մարիա, Կրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջովին ընդունել են իրենց մեղքը և զղջացել արածի համար: Նրանք դատարանում պատմել են, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է կիրառել իրենց նկատմամբ, ստորացրել է, ինչպես նաև սեռական ոտնձգություն իրականացրել: Քննիչները հաստատել են, որ քույրերը չեն ստում:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2018թ. ամռանը՝ Միխայիլ Խաչատուրյանի մոսկովյան բնակարանում: