Իսկ ի՞նչ կլիներ, եթե «խաղաղության դարաշրջանը» չբերվեր օրակարգ: Այս հարցը ծագեց վարչապետի հրապարակ բերած միջազգային հանրության կողմից առաջարկված Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկի մասին ելույթից հետո առաջացած տարերային քննարկումների, կարծիքների ու հիասթափությունների հետ մեկտեղ։
Ըստ էության, ոչ մի տարբերություն չէր լինի արտաքին քաղաքականության հարցում, բացի «խաղաղության դարաշրջանի» մասին հանրությանը մատուցվող ծրագրերին առնչվող խոսակցություններից:
Ինչու՞ տարբերություն չէր լինի։ Որովհետև թշնամական երկրները շարժվելու էին իրենց օրակարգերով, ինչպես շարժվել են, իսկ իրենց արգելակողը լինելու էր որոշակի առումով մեր սահման պահող զինվորը և արևմտյան գերտերությունները։
Զինվորի դերի բարձրացմանը չնպաստեց դաշտ բերված այդ օրակարգը, քանզի դա զուգորդվեց չկրակելու հրամանով, նահանջի հրամանով, մեր բանակը չհամալրվեց զենքով ու զորքով և այլ ծանր խնդիրներ մնացին առկախ, որոնք մի անգամից ծառացել էին մեր պետության առաջ նոյեմբերի 9-ի Պուտինի կողմից պարտադրված հայտարարությամբ:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված արևմտյան գերտերությունների միջամտությունը: Բնական է, որ պայմանավորված է թե՛ իրենց շահերով, և թե՛ մեր հանրության հանդեպ հումանիզմով, ժողովրդավարությամբ ու նաև մեր սփյուռքի մեծ ջանքերով:
Ի՞նչ է փոխվել մեր արտաքին քաղաքական կուրսում ցայսօր: Հազվադեպ անկախ, երբեմն կիսաանկախ քայլեր ու հայտարարություններ են արվել այս ընթացքում, որոնք հավանաբար Կրեմլի հետ համաձայնեցված է արվել։ Ավելին դեռևս չի արվել:
Ես մեկ կետում եմ լոյալ գործող իշխանությանը: Այն է, որ առանց իրենց ցանկությամբ, հանգամանքների բերումով հրաժարվելու են իրենց որդեգրած ռուսամետ աշխարհաքաղաքական ուղղությունից: Սակայն, հիմա մեկ բայց է ավելացել դրան: Եթե մոտ անցյալում չշտապելը դիտարկում էի մեր հետ թշնամաբար վարվող Կրեմլի անկմամբ հավելյալ վնասներ չկրելու հնարավորություն, ապա հիմա, ժամանակի հետ մեկտեղ, չարակամության գեներցիա է խթանում, որը դիտավորությամբ կարող է վնասել Հայաստանին: Այսինքն ռուսական ծիրից պոկվելը օրհասական խնդիր է մեզ համար դարձել և հնարավորինս շուտ:
Այս մասին միանշանակ գիտակցում են իշխանության ներսում գտնվող տարբեր շերտեր, որոնք շփվում են ռուսական տարբեր չինովնիկների հետ, բայց իրենց ներդրած կուրսը իրենց արգելակել է՝ խափանելով ՀՀ պետկան համակարգի կենսագործունեությունն ու պաշտպանունակությունը:
Այսինքն, ընդհանուր առմամբ, գործող իշխանությունները վնասակար աշխարհաքաղաքական ուղղություն են որդեգրել ի սկզբանե՝ շարունակելով նախկիններին, դրանք համալրել են իրենց տարատեսակ վնասակար ծրագրերով և հիմա էլ իրենց չստացված ծրագրերից մեկը «վաճառում» են մեզ վրա որպես բարիք, իբրև խաղաղության ճանապարհ:
Ես թերևս չքննադատեի այս ինքնախաբեությունը, եթե Արցախի հարցում այսքան հակահայկական զրույցներ չզետեղվեին հանրային դաշտում՝ մատուցելով այն որպես միջազգային հանրության կարծիք՝ սպառնալիքներով ու անկարողությամբ հիմնավորված:
Նախ, ես ձայն եմ տվել գործող իշխանությանը հենց իրենց նախընտրական ծրագրում Արցախի մասին հրաշալի հատվածի համար, ինչպես նաև նախկինների վերադարձը ևս մեկ անգամ մերժելու կամ կասեցնելու նպատակով:
Ինչ էին ասում Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունք և ինքնորոշման իրավունք, որը բացվում էր հետևյալ կերպ.
«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։
Ներկայումս իրենք իրենց ծրագիրը, որով իշխանության են եկել, չեն իրականացնում, և դիսկուրս են բացել ու հրամցնում են ճիշտ հակառկակը, որն ինձ պես հազարավոր մարդկանց լեգիտիմ պատճառ է տալիս պահանջելու իրենց հրաժարականը՝ Փաշինյանից սկսած, վերջացրած ամբողջ ԱԺ-ով՝ մյուս երկու ռուսամետ ուժերին էլ ներառյալ, որոնք իրենց իսկ ծրագրի ոչ մի կետ իրականություն չեն դարձրել, այլ հակառակը՝ նպաստել են այն իրողությանը, որում հայտնվել ենք բոլորս, այդ թվում՝ բոլորս:
Ինչու՞ չպետք է պահանջել հրաժարական: Հիմա չունեմ այդ մոտիվացիան որպես քաղաքական մարդ, որպես հայ և որպես քաղաքացի, որի վերջին խորհրդարանական ընտրությունների նախընտրած ուժը շեղվել է իր ծրագրից:
Դուրս գա՞լ փողոց, գնա՞լ կոնսոլիդացիայի այլ ուժերի հետ և ստիպել, որպեսզի հրաժարական տա գործող իշխանությունը։ Այս պահին իրատեսական չէ, բայց մյուս կողմից էլ անթույլատրելի է այն, թե ինչ է իրացվում կեղծ թեզերի ներքո: Ես, օրինակ, էլի մի տեղ կըմբռնեի իրենց հընթացս որդեգրած քայլերը, եթե իրականությամն մեջ միջազգային հանրության որևէ անդամի կողմից այդ մոտեցումները պաշտոնապես որևէ արտահայտվեր, այլ ոչ թե մնար Փաշինյանի անկեղծությունների շարքի մեջ:
Հիմա փողոց դուրս եկողի դերը «սրբազան» իրականացնողների պակաս չկա, չկար նաև այս աղտեղ վիճակին հասնելու կորսված երկու տարիների ընթացքում։ Հավանաբար կարճ ժամանակ անց նորից կսկսեն իրենց պարտքը կատարել կրեմլյան էլիտայի առջև, իսկ մենք այդպես էլ ոչ մի տեղից չենք ստանա որևէ ազդակ, որը կսատարեր Արցախի համար պայքարին։
Հետևաբար մնում է սեփական, փոքր, բայց արժեքավոր ուժերի վրա հիմնված գործընթացներ սկսել, որպեսզի թույլ չտանք Արցախի ու Հայաստանի համար որևէ անցանկալի հանգրվանի հասնել: Դա մի տեղ կլինի իշխանությանը շատ կոշտ դեմ գնալով, մի տեղ կլինի նրանց աջակցելով, թե վերից վար բլոկադայի ենթարկելով քաղաքական ներկայիս էլիտային, պետք է ծառայի Հայաստանին ու Արցախին՝ հիմնվելով մեր ազատ, անկախ ու ինքնիշխան գաղափարների վրա։