Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Facebook-ի իր էջի միջոցով հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը):
2020թ. մայիսի 27-ին Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարգիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Ծառուկյանը, ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:
Այդուհանդերձ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ
ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասը, Հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ:
Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) հասցեագրված դիմումը»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=188956252596857&id=103388151153668&__cft__[0]=AZXLn3JmegNosXzT0KbO9BwtcWGJlTkuqyULKb5EwhCSSHWE3LHO1n6g1Ug0eS4h02cmC6i_RJzxVqwZI9cnd_-hiObpJz0NV86HlbSpwUJWe7TMaSkYAbubMMUFcBDj8wzC_qv5FAm98-GXtGgomNtT7vO6vOgmnuns14ee4lCW1A&__tn__=%2CO%2CP-R